Քրեական գործ՝ ապօրինի ճանապարհով ցուցարարներ ներկրելու համար. «Սատիրիկոն»

Քրեական գործ՝ ապօրինի ճանապարհով ցուցարարներ ներկրելու համար. «Սատիրիկոն»
Քրեական գործ՝ ապօրինի ճանապարհով ցուցարարներ ներկրելու համար. «Սատիրիկոն»

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել քաղաքացի Ռ.Ք.-ի կողմից առերևույթ մի շարք հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քաղաքացի Ռ.Ք.-ն ս.թ. օգոստոսի 1-ին հանցավոր համաձայնության է եկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սին Պիյ նահանգի Չին Շուն գյուղի գյուղապետ Պին Մունի հետ, որի արդունքում ապօրինաբար և խաբեությամբ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերվել Չին Շուն գյուղի ամբողջ չափահաս բնակչությունը` ավելի քան 1,5 մլն մարդ:

Մասնավորապես, ըստ ձեռք բերված փաստական ապացույցների` Ռ.Ք-ին պատկանող «Պապ և թոռ Սեդրակիչներ»` Լիխտենշտեյնում գրանցված օֆշորային ընկերության կողմից Պին Մունի հաշվեհամարին է փոխանցվել 1 մլն ամերիկյան դոլար, որը ստանալուց հետո գյուղապետը համագյուղացիներին խաբեությամբ ներգրավել է «Պահպանենք սպիտակ օձերին» գոյություն չունեցող ծրագրի մեջ: Պին Մունը համագյուղացիներին ներկայացրել է, թե իբր վայրի բնության պահպանմանն ուղղված ՄԱԿ-ի ծրագրերից մեկի շրջանակներում չինական այդ գյուղի բնակիչները պետք է տեղափոխվեն մի երկիր, որտեղ սպիտակ օձերի ապօրինի որս է տեղի ունենում, և ՄԱԿ-ի հովանու ներքո բողոքի ցույցեր իրականացնեն այդ երկրի մայրաքաղաքի հրապարակներում` վանկարկելով «Ռոբ-երտ, Ռոբ-երտ»: Գյուղապետը համագյուղացիներին ներկայացրել է, թե դա այդ երկրի լեզվով նշանակում է «թողեք օձերն ապրեն»:

Հանցավոր համաձայնության գալուց 7 օր անց` Չին Շունի բնակիչները մաքսանենգ ճանապարհով` Վրաստանի տարածքով տեղափոխվել են Հայաստան:

Նույն օրը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մաքսանենգության դեմ պայքարի իր գործառույթների շրջանակներում Հայաստանի և Վրաստանի սահմանին բացահայտել է առանձնապես խոշոր չափերով մարդկանց տեղափոխում Հայաստան:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել նաև, որ քաղաքացի Ռ.Ք.-ին պատկանող տարածքներում արդեն իսկ կան հանգրվանած օտարազգիներ:

Ստացված տվյալների հիման վրա ս.թ. օգոստոսի 9-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից Ռ.Ք-ին պատկանող տարածքներում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են 100 հունգարացի, 200 մեքսիկացի և մոտ 1200 ալբանացի, որոնց քաղաքացի Ռ.Ք.-ն Հայաստան էր բերել ավելի վաղ:

Մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով` քաղաքացի Ռ.Ք-ն բերման է ենթարկվել և նույն օրը կալանավորվել:

Արդեն ԱԱԾ մեկուսարանում քաղաքացի Ռ.Ք.-ն քննիչներին պարզաբանել է, որ մեծ թվով օտարազգիներին Հայաստան է բերել քաղաքական նպատակներով: Մասնավորապես, նա նշել է, որ իր ծանոթներից մեկի` Վիկտոր Ս.-ի հորդորով մեկ ամիս առաջ եկել էր այն եզրակացության, որ քաղաքական այս իրավիճակում նպատակահարմար կլինի, որ հազարավոր մարդիկ իր վերադարձը պահանջող ցույցեր անեն Հայաստանում:

Ձեռնարկված բոլոր քայլերի շնորհիվ Ռ.Ք-ին և Վիկտոր Ս.-ին հաջողել է «Ֆեյսբուքում» մոբիլիզացնել և ակտիվացնել ավելի քան 1500 օգտատերերի, իսկ իրական կյանքում` մոտ 65 քաղաքացիների: Վերջիններս փորձել են ի պաշտպանություն նրա իրական ցույցեր անցկացնել Երևանում: Սակայն երբ հանրությունն արագ պարզել է, որ ցուցարարների մեծ մասը Ռ.Ք-ի ազգականներն են, քաղաքացի Ռ.Ք.-ն Վիկտոր Ս.-ին խորհուրդ է տվել ի աջակցություն իրեն` դրսից մարդ բերել:

Վիկտոր Ս.-ն նշել է, որ այդ նպատակով իրեն անհրաժեշտ է Ռ.Ք.-ի օֆշորային հաշիվներից մեկին անարգել մուտք ունենալ` նշված գործընթացի ֆինանսավորումը կազմակերպելու համար: Վիկտոր Ս.-ն ստացել է օֆշորային հաշվի բոլոր տվյալները և Ռ.Ք.-ի անունից իրականացրել է հետագա գործողությունները:

Քաղաքացի Ռ.Ք.-ն իր ցուցմունքում նշել է, որ ինքը չինացիներին և առավելևս` ալբանացիներին Հայաստան բերելու մտադրություն չի ունեցել, և տեղյակ չէ, թե իրենց խոսակցությունից հետո ինչ գործողություններ է իրականացրել Վիկտոր Ս.-ն, և որ իր տարածքներում հայտնաբերված անձանց մասին առաջին անգամ է լսում:

Նա նշել է, թե դրսից մարդ բերել ասելով ինքը նկատի չի ունեցել ցուցարարների ներկրումը, և որ կարծել է, թե այդ գումարներով Վիկտոր Ս.-ն պետք է դրսի հայտնի մարդկանց կաշառի, բերի Հայաստան, որտեղ էլ վերջիններս իր համար ցույցեր կանեն կամ ասուլիսներ կհրավիրեն` իրեն գովաբանելու համար:

Վիկտոր Ս.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ են իրականացնում` Վիկտոր Ս.-ին հայտնաբերելու համար:

Քրիստինե Խանումյան

MediaLab.am