Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա. ՀՀԿ . «Սատիրիկոն»

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա. ՀՀԿ . «Սատիրիկոն»
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա. ՀՀԿ . «Սատիրիկոն»

Այսօր ՀՀԿ ԳՄ-ն (Գործադիր մարմին) և խորհրդարանական խմբակցությունը (ԽԽ) Երևանի «Ջազզվե» սրճարանում գումարել են համատեղ անդրանիկ նիստը, որի արդյունքներով հայտարարում են.

ՀՀԿ ԳՄ-ն և ԽԽ-ն չեն ողջունում արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը,

ՀՀԿ ԳՄ-ն և ԽԽ-ն չեն ողջունում Հայաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքացիների խաղաղ անհնազանդության բողոքները, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը,

ՀՀԿ ԳՄ-ն և ԽԽ-ն չեն ողջունում Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը՝ պայքարել կոռուպցիայի դեմ` համարելով դա կոնկրետ անձանց դեմ ուղղված քաղաքական վենդետա,

ՀՀԿ ԳՄ-ն և ԽԽ-ն վերահաստատում են իրենց սաբոտաժը բարեփոխումներին` ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի բարձրացմանը,

ՀՀԿ ԳՄ-ն և ԽԽ-ն համարում են, որ արտահերթ` արդար և թափանցիկ ընտրություններն ուղղված են ՀՀԿ-ի դեմ և միտված են խորհրդարանից դուրս մղելուՀանրապետական կուսակցությանը:

Հաշվի առնելով,  որ՝

ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավորների զգալի մասը պատգամավորական մանդատը կորցնելուց հետո կկորցնի նաև հանրային և հատկապես լրագրողական ճանաչելիությունն ու հետաքրքրությունը,

ՀՀԿ խմբակցության պատգամավորների հիմնական մասն այլ աշխատանք անելու ունակություն, հմտություն, գիտելիք և կարողություններ չունի, և, հետևաբար,արտահերթ ընտրությունները հանգեցնելու են գործազրկության աճին,

պատգամավորական մանդատի և անձեռնմխելիության կորստից հետո խմբակցության մեծ մասն առավել հասանելի կդառնա իրավապահ մարմինների համար,

ՀՀԿ ԽԽ-ի նկատմամբ հանրային տոտալ ատելության պայմաններում խմբակցության անդամները, մանդատից զրկվելու դեպքում, ստիպված կլինեն քաղաքում շրջել ոչ թե ծառայողական մեքենաներով, այլ` հանրային տրանսպորտով կամ ոտքով, ինչը հղի է անկանխատեսելի և լետալ հետևանքներով,

խորհրդարանում ներկայացված չլինելու պարագայում ՀՀԿ-ն կկորցնի իր քաղաքական դերակատարությունն ու ազդեցությունը և կդառնա լուսանցքային ուժ,

խորհրդարանում ներկայացված չլինելու պարագայում կուսակցության շարքերում արդեն իսկ սկսված աննախադեպ ու մեծածավալ արտագաղթը կվերածվի մեծ գաղթի, և կուսակցությունում կմնան միայն նրանք, ովքեր եղել են այնտեղ մինչև կուսակցության իշխանական դառնալը, այսինքն` փոքրաթիվ մարդիկ,

Գալուստ Սահակյանի ներկայությունն ԱԺ-ում Սահմանադրությամբ` անփոփոխ հոդվածով ամրագրված դրույթ է,

Կարևորելով

թալանելու, անհոդաբաշխ ելույթներ ունենալու և օրենսդրական նախաձեռնություններ բերելու մեր սահմանադրական իրավունքը,

Վերահաստատելով

սաբոտաժներ անելու մեր հանձնառությունը,

Հայտարարում են.

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում:

Կից ներկայացնում ենք ակնաբույժի կողմից տրված տեղեկանքները առ այն, որ խմբակցության բոլոր անդամները հայտարարությունից մեկ օր առաջ նրա մոտ անցել են համապատասխան զննություն:

Քրիստինե Խանումյան

MediaLab.am