Ամանորի նախաշեմին շատ հյուրանոցներում, ինչպես նախորդ տարիներին, ազատ տեղեր գրեթե չկան. «Փաթեթների գները նվազել են»

Christmas decorations and lights in the streets of Yerevan, Armenia

Ամանորը Հայաստանում նշելու մասին գովազդներն այս տարի նախորդ տարիների համեմատ թեև ավելի քիչ են, բայց տարբեր մարզերում հյուրանոցային տնտեսություններն իրենց փաթեթներն են առաջարկում մարդկանց։ «Մեդիալաբի» հարցումները ցույց են տալիս, որ նախորդ տարիների համեմատ այս տարի հյուրանոցներն Ամանորյա փաթեթների գները նվազեցրել են։

Բացի դա, փոփոխություն է եղել տոնական ծրագրերում։ Տարբեր հյուրանոցային տնտեսություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ տոնական շոու ծագրեր ու կենդանի երաժշտություն չի լինի Ամանորի գիշերը, հիմնականում կլինի միայն տոնական գալա ընթրիք։ Այս օրերին տարբեր մարզերի հյուրանոցներում ազատ տեղեր ամրագրելը գրեթե անհնար է։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հաստատում է տեղեկությունը, որ ծառայությունների գներն այս Ամանորի համար նվազել են։

«Դեռ ամբողջ տեղեկտվությունը չենք վերլուծել, դժվար է ասել, թե գները որքան են իջել։ Բայց որ կա գների նվազում, դա ակնհայտ է։ Երկրում իրավիճակն այնպիսին է, որ դա նաև գնային քաղաքականության վրա է ազդում։ Բացի դրանից, մեր տնտեսվարողներն էլ իրավիճակը գիտակցում են նաև պահանջարկի առումով։ 

Պահանջարկը ոչ միայն կապված է նրա հետ, որ ցանկություն ունեցողներն են քիչ, այլ նաև մարդկանց եկամուտներն են նվազել»,- «Մեդիալաբին» ասում է Մեխակ Ապրեսյանը։

Մյուս կողմից, ըստ Ապրեսյանի, արտերկիր մեկնելու հնարավորություններն այս փուլում քիչ են։

«Չնայած որոշ ուղղություններում արդեն կարող են բաց լինել, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, ուղղությունը ներքին տուրիզմի վրա է»,- նշում է նա։

Ամանորի նախաշեմին շատ հյուրանոցներում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ազատ տեղեր գրեթե չկան։ Մեխակ Ապրեսյանն ասում է՝ այնպես չէ, որ շատ ազատ տեղեր կան, բայց նախորդ տարիների աշխուժությունն էլ չկա։

Ինչի վերաբերում է տոնական միջոցառումներին, նա ասում է, որ շատ է քննարկվում այդ հարցը՝ նշել Ամանորն այս տարի, թե ոչ կամ ինչպես նշել։ Ըստ նրա՝ Ամանորը դիմավորել պետք է։ Դա պետք է նաև ինչ-որ տեղ տնտեսության զարգացման համար։ 

«Այո, պատերազմ է եղել, շատ ցավալի կորուստներ ենք ունեցել, մեր հերոսներն են նահատակվել։ Բայց խաղաղ պայմաններում նույնիսկ Նոր տարին նշելիս նահատակներին հիշում ենք, այցելում նրանց տներ։ Նոր տարին ընդհանրապես հինը ճանապարհելու ու նորը դիմավորելու խորհուրդ ունի։ Բայց, այո, կարևոր է նաև, թե ինչպես դա կարվի»,- ասում է Ապրեսյանը։

Ջերմուկի զբոսաշրջային կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը հաստատում է, որ այս տարի նվազել են Ամանորի փաթեթի գները։

«Մոտ 10-20 տոկոսով նախորդ տարիների համեմատ նվազել է փաթեթների գինը։ Դա իրավիճակից ելնելով է արվել։ Ճիշտ է, պահանջարկը կա, սակայն հաշվի առնելով համավարակով ու պատերազմով պայմանավորված ճգնաժամը, հյուրանոցային տնետեսությունները որոշում են կայացրել և արժեքները զեղչել են»,- ասում է Նարեկ Միրզոյանը։ 

Նրա խոսքով՝ այս տարի Ջերմուկում Ամանորի փաթեթների արժեքը 5 օրվա հանար սկսվում է 350 հազար դրամից։ Դա այն դեպքում, երբ նախորդ և նախանցած տարիներին եղել են 500-650 հազար դրամի սահմաններում և այդպես շարունակ։

«Արժեքի մեջ ներառված է լինելու երեք անգամյա սնունդ, բուժումներ, լողավազան, ֆիթնես, այսինքն՝ այն բոլոր ծառայությունները, որոնք իրականացնում են հյուրանոցային բիզնես իրականացնողները։ Փաթեթի օրերը սպառելուց հետո հյուրերը հնարավորություն են ունենալու օգտվել ստանդարտ ու տվյալ սեզոնի արժեքներից»,- հավելում է նա։ Ջերմուկում նույնպես տոնական մկիջոցառումներ չեն լինելու այս տարի։

Չնայած այս տարի համավարակով պայմանավորված փակ սահմանների պատճառով Հայաստանի բնակիչները հնարավորություն չեն ունեցել մեկնելու արտերկիր հանգստի, հիմնականում Հայաստանում են հանգստացել, սակայն ներքին տուրիզմի ոլորտում աճ չի գրանցվել։ 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ներքին զբոսաշրջության վիճակագրությունը հետևյալն է։ Այս տարվա հունվար–հոկտեմբերին ներքին զբոսաշրջիկների թիվը եղել է 934 հազար 981՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլն 405 հազար 398-ի փոխարեն։ Ներքին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 33,5 տոկոս անկում։

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ սովորաբար ներքին զբոսաշրջությա ոլորտում աճը լինում է երրորդ եռամսյակում։

«Այսինքն՝ այս թվերը ցույց են տալիս, որրքան էլ մենք այս տարի ներքին տուրիզմ ունեցանք, այդուհանդերձ նվազում կա։ Եթե երրորդ եռամսյակի ակտիվությունն էլ չլներ, 9 ամսվա տվյալով անկումն ավելի մեծ կլիներ»,- ասում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am