Ֆրանսիայի նախագահի թեկնածուի Արցախ այցելությունից հետո Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելը պատերազմի շարունակություն է. ԱԺ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը

Պարո՛ն Բալայան, օրերս Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն այցելել էր Արցախ: Ի՞նչ այց էր:

– Ֆրանսիայի հետ մենք ավանդաբար լավ հարաբերություններ ունենք: Այդ երկրի հետ բարեկամության շրջանակում բավական ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի քաղաքական գրեթե բոլոր ուժերը մեծ սրտացավությամբ են մոտենում մեր դատին, գիտակցում են, որ արցախահայությունն իր ազատության համար է պայքարում: Այս այցը պետք է դիտարկել Ֆրանսիայի դավանած սկզբունքների համատեքստում՝ մարդու իրավունքներ, ազատություն: Պատահական չէ, որ Ֆրանսիայի քաղաքական գործիչները նման ջերմ վերաբերմունք ունեն հայ ժողովրդի ու, մասնավորապես, արցախահայության նկատմամբ:

Նախագահի թեկնածուի այցը վերջին տարիներին ստեղծված այդ ջերմ, բարեկամական հարաբերությունների շարունակությունն է և դրանց նոր լիցք հաղորդելու ձև է:

– Ադրբեջանում այդ այցելությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել, բողոքի նոտա է հղվել այդ երկրում Ֆրանսիայի դեսպանին: Ինչպե՞ս եք դա մեկնաբանում:

– Այո՛, նման լուրեր կարդացի: Դա մեզ համար նորություն չէ, որովհետև մեր ազատագրական պայքարից, մանավանդ՝ Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ Արցախը փորձում էր ինտեգրվել աշխարհին, իհարկե, Ադրբեջանը մշտապես ձգտել ու հիմա էլ ձգտում է Արցախին հնարավորինս մեկուսացնել:

Սա ինչ-որ մի տեղ, կարելի է ասել՝ պատերազմի շարունակություն է. եթե ռազմի դաշտում բանակներն են միմյանց դեմ կռվում, ապա այս պարագայում Ադրբեջանն իր այդ քայլով խորքային նպատակներ է հետապնդում՝ փորձելով հնարավորինս մեկուսացնել Արցախին և արցախյան հիմնահարցը լուծել իր ցանկալի ձևերով:

– Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, որ այդ այցելությունը «լրջորեն խաթարել է տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակությունը»: Այդ մասին ի՞նչ կասեք:

– Ընդհանուր մոտեցումն է, որ հակամարտությունը լուծման անհրաժեշտություն ունի: Դրա կարիքը, իմ կարծիքով, զգում է ոչ միայն հայ, այլ նաև Ադրբեջանի ժողովուրդը, որովհետև եթե հակամարտության լուծման համար բանակցային սեղանի շուրջ լուծում չի ապահովվում, վերքը մնում է և անընդհատ ցավ է պատճառում:

Հետևաբար, կարծում եմ, խոհեմ կլինի, որ հարցին լուծում ապահովվի, հարգվի արցախահայության սովորական, տարրական իրավունքը՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը: Ինձ թվում է՝ Ֆրանսիան ներկայացնող ուժերը առաջնորդվում են հենց այդ սկզբունքով: Բոլոր դեպքում ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը՝ երկարատև ու կայուն խաղաղություն ապահովելու համար:

– Նաև դժգոհություն էին հայտնել ռուսական խաղաղապահ առաքելության նկատմամբ…

– Այնպիսի տպավորություն է, որ Արցախը, իրենց պատկերացմամբ, ռեզերվուարի նման ինչ-որ բան լինի, որտեղ մարդիկ պարզապես պետք է գոյատևեն, չունենան որևէ հարաբերություն, որևէ շփում: Վերջիվերջո այստեղ ապրող ժողովուրդը տարբեր թելերով կապված է աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հարազատների հետ: Ինչպե՞ս շփվեն այդ մարդկանց հետ:

Անհասկանալի վերաբերմունք է, վերջիվերջո այստեղ հո ստրուկի կարգավիճակով չեն ապրում մարդիկ, ապրում են այնպես, ինչպես աշխարհի մյուս երկրներում, և այդ մարդիկ էլ իրավունք ունեն հանդիպումներ ունենալու, մասնակցելու քննարկումների և այլն:

Պարո՛ն Բալայան, Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելում է Արցախ, բայց Հայաստանի ղեկավարը արդեն մեկ տարուց ավելի է՝ Արցախ չի այցելել, ինչու՞:

– Այո, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը նույնպես պետք է հաճախակի այցելի Արցախ, որովհետև ինչքան էլ մեզ դրսից աջակցեն, տարբեր երկրներ փորձեն միջամտել, օգնեն հարցի լուծմանը, համենայնդեպս, մեզ համար անչափ կարևոր է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի վերաբերմունքը, որովհետև արցախահայության հայացքն ուղղված է դեպի Հայաստան:

Չեմ կարող ասել, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ինչու չեն գալիս Արցախ, չեն մասնակցում ընդհանուր միջոցառումներին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am