Արցախի ԱԱԾ-ն հերքում է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիան․ Factor.am

Սոցիալական կայքերում այսօր տեղեկություն էր տարածվել, թե իբր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցողներին դուր չի եկել անցնող մեքենաներից մեկի վարորդի պահվածքը , ինչին հաջորդել է «հակատեռորիստական օպերացիան՝ հրելով մեքենան ճանապարհի եզրին, և կիրառելով ձայնային նռնակներ, գրում է Factor.am-ը։

Արդյունքում պարզվել է, որ մեքենայի մեջ Արցախի ԱԱԾ-ի աշխատողներ էին, որոնք ուղղակի փորձեցին առաջ անցնել Մուրադովի շարասյունը, և ակամա ընկան նման պատմության մեջ»։

Արցախի ԱԱԾ-ից Factor.am-ին հայտնեցին, որ շուտով դրա վերաբերյալ պարզաբանում կլինի՝ չպատասխանելով հստակեցնող հարցին՝ արդյո՞ք նման դեպք եղել է։ «Կարող եք հետևել կայքին, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել, ձեզանից բացի էլի են զանգել»,- ասացին ԱԱԾ-ից։

Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն տարածեց հաղորդագրություն՝ հերքելով վերոնշյալ տեղեկությունը․ «Արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին՝ սոցիալական ցանցերում տարածված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի, դրան ԱՀ ԱԱԾ ծառայողների մասնակցության և վերջիններիս աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերին՝ տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերի և ԱՀ քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողներ:

Խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողների` աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՀ ԱԱԾ ծառայողների առնչությունը միջադեպին պարզելու համար անց է կացվում ծառայողական քննություն»։