ԱՄՆ-ը 45 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին

ԱՄՆ-ը Հայաստանին և Արցախին շուրջ 47 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2022 ֆինանսական տարին ավարտող «Օմնիբուսի հատկացումների մասին» օրինագիծը, որը պահանջում է «ոչ պակաս, քան 45 միլիոն դոլար Հայաստանի և 2 միլիոն դոլար՝ Արցախում մարդասիրական ականազերծման համար»։ Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Տեղեկացվում է, որ Հատկացումների ընդհանուր միջոցառումը նաև պահանջում է զեկույց, որը կգնահատի հարավկովկասյան որևէ երկրի կողմից Արցախի դեմ նոր հարձակումների հնարավորությունը և լրացուցիչ վերահսկողություն, թե ինչպես են օգտագործվում Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող միջոցները:

Օգնությունը հատկացվել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆի, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոուն կրտսերի և Ջեքի Սփիըրի նամակից հետո, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Աննա Էշուի և Ջիմ Կոստայի մեկ այլ նամակի հիման վրա, որոնք կոչ էին արել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների ենթահանձնաժողովների ղեկավարությանը՝ պետական, արտաքին գործողությունների հարցերով և հարակից ծրագրերում ներառել Արցախին տրամադրվող հավելյալ 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։

Աղբյուր՝ Factor.am