Տասներեք կուսակցություն գլխավոր դատախազին դիմել են վերանայելու Ծառուկյանի կալանավորման որոշումը

ասներեք կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նման առաջարկ է արվել ՝մասնավորապես ելնելով պատերազմական իրավիճակից: Հայտարարությունը ստորագրել են «Ազգային օրակարգ», ԱԻՄ, «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Դեմկուս», ՀՅԴ, «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Դեմոկրատական այլընտրանք», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները: Այդ կուսակցությունները միջնորդել են վերացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կամ ընտրել «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը»:

ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 25-ին բավարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։