Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրության ժամանակ լայն սպառման ապրանքների (պարենային և ոչ պարենային) իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման անհրաժեշտությունը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են 24-ժամյա ռեժիմով և իրականացնում են շուրջ 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում (շուրջ 94 ապրանքատեսակ)։
Ստեղծված աշխատանքային խմբերը, բացի տվյալ ապրանքների խոշոր մատակարարների և խոշոր առևտրային ցանցերի շրջանակներում մշտադիտարկումներ իրականացնելուց, ուսումնասիրում են նաև թեժ գծով, լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով ստացված բողոքները և դրանցում տնտեսական մրցակցությանն առնչվող խնդրահարույց երևույթների մասին վկայող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովն իրականացնում է համապատասխան վերլուծություններ և ապահովում դրանց ընթացքն օրենքով սահմանված կարգով։
Վերոնշյալ ապրանքների թվին են դասվում շաքարավազը, ալյուրը, ձեթը, կարագը, որոնց որոշ առևտրային ցանցերում արձանագրված գնային բարձրացումների հիման վրա Հանձնաժողովն արդեն իսկ իրականացնում է ուսումնասիրություններ և համապատասխան գրություններով դիմել է տնտեսվարող սուբյեկտներին՝ գնային բարձրացումների հիմնավորումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։
Մասնավորապես, Հանձաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ կիլոգրամով վաճառվող շարքավազի գինը հոկտեմբերի 22-ի դրությամբ կազմել է 328 դրամ/կգ, կարագինը՝ 3500-4130 դրամ/կգ (կախված ապրանքանիշից), արևածաղկի ձեթինը՝ 740-790 դրամ/լիտր (կախված ապրանքանիշից), ալյուրինը՝ 245 -285 դրամ/կգ։
Առավել մանրամասն ներկայացնում ենք «Երևան Սիթի» և «Նոր-Զովք» առևտրի կետերում շաքարավազի, կարագի, ձեթի, ալյուրի գները՝ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ:
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։