«Խախտումները կա՛մ չեն ապացուցվել, կա՛մ իրենց ծավալով և ազդեցությամբ չեն կարող կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը». ՍԴ. «Ազատություն»

Սահմանադրական դատարանը, հրապարակելով ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր ծավալուն որոշումը, եզրահանգել է՝ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ արձանագրված թերությունները, այդ թվում՝ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, չեն ազդել արդյունքի վրա:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Իրենք ասում են՝ «այո, վատ է, չի կարելի, միջամտություն է սա, բայց չենք կարող արդյունքը չափել», – «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Բարձր դատարան էին դիմել ընդդիմադիր յոթ ուժեր: Նրանցից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի փաստաբան Խուդոյանը պնդում է՝ Բարձր դատարանն, ըստ էության, ընդունել է իրենց դիտարկումները խախտումների վերաբերյալ, բայց մինչև վերջ չի գնացել և կայացրել է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական որոշում:

«Կատարել են մտավարժանք, կես ճանապարհը անցել են՝ որոշ դեպքերում համաձայնելով, որոշ դեպքերում չհամաձայնելով, բայց եթե էդ ճանապարհը անցնեին մինչև վերջ ու պատշաճ գնահատեին ապացույցները, պետք է եզրահանգեին, որ ընտրությունների արդյունքների վրա եղել են չափելի ազդեցություններ: Էդ վերջին քայլը արդեն չեն կատարել, որովհետև եթե դա էլ անեին, ստիպված էին լինելու էդ քաղաքական որոշումը չկայացնել», – ընդգծեց փաստաբանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայյքում