«Չինաստանի մեր քաղաքում ամեն ինչ բնականոն հուն է մտել, փառք Աստծո, ոչ մի բան չկա կորոնայի հետ կապված». Անի Հարությունյան

Չինաստանի Շանսի նահանգի Տայուան քաղաքում վերջին երկու ամիսներին մարդիկ նորմալ կյանք են վերադարձել, սահմանափակումներ գրեթե չկան, դիմակների պարտադրանքը հանվել է: 

Այդուհանդերձ, տեղի բնակիչները պահպանում են զգուշություն, քանի որ վախենում են ցուրտ ամիսներին կորոնավիրուսային համավարակի գլուխ բարձրացնելուց: Այս մասին «Մեդիալաբին» պատմում է Չինաստանի Շանսի նահանգի Տայուան քաղաքում բնակվող 31-ամյա Անի Հարությունյանը:

«Չինաստանի մեր քաղաքում ամեն ինչ բնականոն հուն է մտել, շատ նորմալ է, մարդիկ հազվադեպ են դիմակ են կրում, չի պահանջվում դիմակ կրել: Սեպտեմբերի 1-ին բոլոր երեխաները նորմալ գնացել են դպրոց, փառք Աստծո, էստեղ ոչ մի բան չկա կորոնայի հետ կապված, բայց էստեղ խոսակցություններ են գնում՝ վախենում են երկրորդ փուլի համար, որ ցրտերն ընկնեն, ու վիրուսն էլի գլուխ բարձրացնի»,- նշում է Անի Հարությունյանը:

Չինաստանում, որտեղ անցյալ տարի դեկտեմբերին բռնկվեց նոր կորոնավիրուսային հիվանդությունը, սեպտեմբերի 3-ի դրությամբ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում 85077: Երկրում գրացվել է մահվան 4634 դեպք: Նոր դեպքերի թիվը 11 է:

Անի Հարությունյանը «Մեդիալաբին» պատմում է, որ քաղաքում մարդիկ շարունակում են զգուշավորություն պահպանել՝ վիրուսից պաշտպանվելու համար: Ասում է, որ չնայած սահմանափակումները, ընդհանուր առմամբ, վերացել են, բայց մոլերում, պետական հիմնարկներում, դպրոցներում և այլ հանրային վայրերում պարտադիր ստուգվում է մարդկանց ջերմությունը:

«Հիմա արդեն արդեն ոչ թե ջերմաչափով է ստուգվում, այլ հատուկ սարքավորումներ կան, որը քեզ նկարում են ու քո ջերմությունը ցույց տալիս մեծ էկրանի վրա»:

Հարությունյանը նշում է, որ դիմակի պարտադրանքը հանվել է, հանրային տրանսպորտում է պարտադիր դիմակ կրելը:

«Չի պարտադրվում, որ մարդիկ դիմակ դնեն, բայց ցանկալի է, որ դնեն: Ով ուզում է, կարող է դնել: Էստեղ որ մարդիկ հիվանդանում են սովորական գրիպով, ինքնակամ դիմակով են դուրս գալիս: Եթե դիմակ չունեն, էդ մարդուն շատ վատ են վերաբերվում, եթե հազում է, փռշտում է, հիվանդ է, գրիպ է, ու ինքը չի դնում, մարդիկ վախեցած են, դրա համար ամեն մեկն ինքը պատասխանատվություն է կրում դիմակ դնելու»,- ասում է նա:

Հարությունյանը նշում է, որ նոր ուսումնական տարում և՛ մանկապարտեզներում, և՛ դպրոցներում հատուկ կանոններ չեն սահմանվել: Միայն կատարվում է ջերմաչափում, և պահպանվում է հիգիենան: Մնացած ամեն ինչ կատարվում է առաջվա պես:

Անձնական միջոցառումներ ռեստորանում կազմակերպելիս ևս սահմանափակումներ չկան: «Ես ինքս իմ ծնունդը նշել եմ 18 հոգով էնպիսի ռեստորանում, որտեղ էլի հաճախորդներ էին գալիս, թվի սահմանափակումներ չկան»,- նշում նա:

Անի Հարությունյանն ասում է, որ երկրում հիմնական սահմանափակումը ուսանողների համար է, որոնք ուսանողական վիզայով են, կամ աշխատանքային վիզայով մարդկանց համար: 
«Սահմանափակումը կատարվում է հենց հաստատությունների կողմից, մենք չենք կարող լքել քաղաքը ու ամեն շաբաթ ներկայացնում ենք կոդը, որում նշվում է՝ որտեղ ենք եղել: Այդ կոդը պահանջում են նաև, երբ հանրային տրանսպորտ ենք նստում»:

Հարությունյանի խոսքով՝ այն համալսարանները, որտեղ օտարերկրացի ուսանողներ կան, դեռ չեն բացվել: Այժմ հաշվարկ է կատարվում՝ այն մարդիկ, որոնք Չինաստանում են եղել ամբողջ ժամանակ, նրանց համար հնարավոր է շուտով խմբակները բացվեն, իսկ ովքեր օտար երկրում են, թույլ չեն տալիս վերադառնալ:

«Դասընթացները բացվել է միայն չինացի երեխաների համար, իսկ օտարերկրացի ուսուցիչների, ուսանողների համար դեռ նրանց աշխատանքը չի սկսվել, միայն լեզվի կենտրոններում: Ու դեռ հայտնի չէ, թե երբ են սկսվելու դասընթացները օտարերկրացիների համար»,- ասում է Անի Հարությունյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am