«2023-ը կլինի մեր բալիկի առաջին Ամանորը»․ հայտնի նամակի հերոսուհին՝ «Ուզում եմ՝ մարդիկ հավատան, որ հրաշքներ լինում են»

Պատերազմից հետո հուսահատության ու անորոշության ֆոնին Անիի ու Գրիշայի սերը շատերին ստիպեց ժպտալ ու մտածել կյանքի մասին։ Հայտնի նամակի պատմությունը հարյուր հազարավոր մարդկանց անտարբեր չթողեց։

Անիի ու Գրիշայի ընտանիքում համալրում կա: 6 ամիս առաջ ծնվել է նրանց առաջնեկը՝ Արամը։

Երիտասարդ մայրն ասում է՝ այս տարի հատկապես անհամբեր է սպասում  Ամանորին, քանի որ որդու առաջին Նոր տարին է։

«Ուրախ տրամադրություն ունենք, քանի որ 2023-ը կլինի իմ և ամուսնուս համատեղ կյանքի երկրորդ, իսկ մեր բալիկի առաջին Ամանորը»,- ասում է Անին ու ժպտում։

Անին պատերազմից հետո հաճախ է սոցիալական ցանցերում անդրադառնում իրենց ընտանիքի պատմությանը, ասում է՝ ուզում է մարդիկ հավատան, որ վատ իրադարձություններին հաջորդում են լավ օրերը։ Իրենց օրինակը դրա խոսուն վկայությունն է։

«Ուզում եմ, որ մարդիկ հավատան, որ ինչ-որ վատ բանից հետո ինչ-որ լավ բան է լինում, հրաշքներ լինում են, պատահականություններ չեն լինում, ինչ-որ մեր կյանքում լինում է, հենց էնպես չի լինում»,- վստահ է երիտասարդ մայրը։

20-ամյա Անի Ասատրյանն ինքն էլ չէր կարող պատկերացնել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագիծ անծանոթ զինվորին նամակ ուղարկելուց հետո զինվորը նամակի հետքերով իրեն կփնտրի, կշփվեն, կհանդիպեն, կսիրահարվեն և ընտանիք կկազմեն։ 

Պատերազմի օրերին Երևանի մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի Անին շատ այլ աղջիկների պես նամակ էր ուղարկել հայրենյաց պաշտպան զինվորին՝ դրական տրամադրություն փոխանցելով Երևանից առաջնագիծ։

Անիի նամակը հասել էր Մարտակերտում հակառակորդի դեմ կռվող 26-ամյա կամավորական Գրիշային, որը որոշել էր փնտրել նամակի հեղինակին։

Անին ասում է՝ ամուսնուն այլ նամակներ ևս հասել էին, բայց չգիտես ինչու՝ որոշել էր հենց այդ նամակի հերոսուհուն գտնել։

«Սկզբում խառը էմոցիաներ էին, երբ նամակը հրապարակվեց, ու ինձ էին փնտրում, հետո չէի էլ հասկանում՝ ինչ է կատարվում։ Ամուսինս երբ ինձ գրեց, ասեց՝ հետ ա եկել, մատանին չի առել, սպասում ա, որ իրար հետ առնենք, քանի որ իմ ճաշակը չգիտի, սկսեցինք խոսել, շփվել, հանդիպել, մի տարի հետո էլ ամուսնացանք»,- պատմում է Անին։

Անիի խոսքով՝ ամուսնու մեջ ամենաշատն իրեն գրավել են հոգատարությունն ու ուշադրությունը։ Ասում է՝ ընտանիքի ամրության հարցում շատ կարևոր են միմյանց հասկանալը, լսելը և հարգանքը։

Անին ասում է՝ շատ երազանքներ ունեն ապագայի հետ կապված, բայց ամենաշատ ցանկանում են, որ իրենց որդին Հայաստանում մեծանա․ «Եվ ուզում ենք, որ լինի նույնքան հայրենասեր, որքան մայրիկն ու հայրիկն են»,- ասում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am