Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան մասին: 

Նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք: Նրա ստեղծագործությունները սիրված են ժողովրդի կողմից, իսկ հեղինակած ռոմանսները հայ երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը: 

Հայկոյի երաժշտությունը հնչել է նաև հայկական ժամանակակից մի շարք ֆիլմերում, որոնք մեծապես նպաստել են հայ կինոյի զարգացմանը: 

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու նրա արվեստի երկրպագուներին»: