«Չպետք է պատրանքներ լինեին, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած յոթ շրջանները պետք է հավերժ մնային այն կարգավիճակում, որում գտնվում էին». Լավրով

Մոսկվա, 12 նոյեմբերի /ՏԱՍՍ/ Հայաստանում ընդդիմությունը փորձում է շահարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցում:

«Մենք տեսնում ենք այն բողոքի ակցիաները, որոնք այժմ բռնկվել են Երևանում, մենք տեսնում ենք, թե ինչպես է ընդդիմությունը փորձում շահարկել այս իրավիճակը»,- նշեց ՌԴ արտգործնախարարը: 

Նրա կարծիքով՝ «անկասկած, այնտեղ կան անկեղծ մարդիկ, ովքեր հավանաբար վիրավորված են, որ այս փուլում ամեն ինչ այդպես է ավարտվում»:

«Չնայած չպետք է պատրանքներ լինեին, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած յոթ շրջանները պետք է հավերժ մնային այն կարգավիճակում, որում գտնվում էին մեկ ամիս, մեկ ու կես, երկու ամիս առաջ», – հստակեցրել է Լավրովը:

«Կարծում եմ՝ պատկան մարմինները պարտավոր էին բնակչությանը բացատրել, որ ինչ-որ փուլում այս կարգավորումը պետք է իրականացվեր այն սկզբունքների համաձայն, որոնք երկար տարիներ եղել են բանակցային սեղանին, առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և, իմ կարծիքով, կատարյալ հնարավորություն էին ստեղծում այս հակամարտությունը կարգավորելու՝ առանց որևէ արյունահեղության և տարածաշրջանում որևէ մեկի անվտանգությանը վնաս հասցնելու, առաջին հերթին, իհարկե, խոսքը վերաբերում է ղարաբաղաբնակ հայերին և այլ էթնիկ խմբերի, որոնք ապրում են Ղարաբաղում և տարածաշրջանի երկրներում», – ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Նրա խոսքով` «հաղորդակցության բոլոր ուղիների՝ տրանսպորտային, տնտեսական ճանապարհների ապաշրջափակումը պետք է հսկայական դրական դեր խաղա այս տարածաշրջանի վերածննդի համար՝ այդ թվում նպաստելով Հայաստանի տնտեսության վերականգնմանը, որը մյուսներից ավելի շատ է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետության հետ առևտրային և տրանսպորտային կապերի դադարեցման պատճառով»:

«Այժմ, ըստ ուժի մեջ մտած պայմանավորվածության, այս բոլոր կապերը վերականգնվում են: Տնտեսությունը պետք է ազատ շնչի, Հայաստանի գործընկերների հետ պետք է ստեղծվի տրանսպորտային կապակցվածություն»,- հավելել է Լավրովը: