Գիրք նվիրելու օրը նշվեց նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրացավ հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը: 2008թ.-ից Հայաստանի Հանրապետության գրողների միության և կառավարության որոշմամբ Մեծ վարպետի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Մեծ տարածում գտած և արդեն ավանդական դարձած այս տոնին գրքերի նվիրատվություն էր կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: 

Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ու Ստեփանավան քաղաքի մշակույթի և ժամանցի կենտրոնի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանում կազմակերպվել էր ցերեկույթ: Կենտրոնի փոխտնօրեն Հասմիկ Սահակյանը և տեխնիկական բաժնի վարիչ Սամվել Ավագյանը կենտրոնի անձնակազմի անունից հանդիսավոր կերպով գրքեր նվիրաբերեցին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին: Միջոցառմանը մասնակցել են նաև ազատազրկված անձինք:

Կենտրոնի փոխտնօրեն Հ.Սահակյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, կարևորել է անազատությանմեջ գտնվող անձանց նկատմամբ հասարակության ուշադրությունը:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը, հիմնարկի անձնակազմի և ազատազրկված անձանց անունից շնորհակալություն հայտնեց Մշակույթի և ժամանցի կենտրոնի ողջ անձնակազմին նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ մշակութային տարաբնույթ միջոցառումները կենտրոնի հետ համատեղ կկրեն շարունակական բնույթ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը: