Արցախից տեղափոխվում են խաչքարեր և շարժական մշակութային արժեքներ․ «Թուրք գազանը մտավ էնտեղ՝ ոչնչացնելու է, այն, ինչ հնարավոր է, տեղափոխվելու է»

Արցախի վերաբերյալ համաձայնագրով Ադրբեջանի կազմի մեջ անցնող Արցախի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների ճակատագիրը խիստ անորոշ է։ Դադիվանք, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճար և այլ պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ մասնագետները որևէ հույս չեն հայտնում։

«Փորձը ցույց է տվել, որ մեր հուշարձանները ոչ մի տեղ, երբ անցել են թյուրք ցեղի ձեռքը՝ լինի Թուրքիայում թե Ադրբեջանում, ոչ մի ձևով չեն պահպանվել, եթե նույնիսկ պահպանվել էլ են՝ մեկ-երկու հատ, նմուշի համար ու վերջ։ Որևէ միջազգային նորմի գործադրման հույս չի կարող լինել։ Արևմտյան Հայաստանում էդ միջազգային նորմերից ո՞րը գործադրվեց, Նախիջևանում ո՞րը գործադրվեց։ Ամեն տեսակի արգելված ռումբերով խաղաղ բնակչությանն էին ոչնչացնում, ո՞ր միջազգային նորմը գործադրվեց։ Քաղաքակիրթ աշխարհը չի մնացել»,- ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրեց, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Համաձայնագրով Ադրբեջանի կազմի մեջ են անցնում մինչ այս զբաղեցրած դիրքերը, Ղարաբաղի 7 շրջանների վերահսկողությունը։ Համաձայնագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

Հնագետ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը ևս հույս չունի, որ որևէ կերպ կպահպանվեն Արցախի մշակութային արժեքները, որոնք կանցնեն Ադրբեջանի հսկողության ներքո:

«Այն տարածքներում, որտեղ արդեն իսկ մտել են, մինչև այդ համաձայնագրի ստորագրումը այնտեղ գերեզմաններ կան, խաչքարեր կան, էդ բոլորն արդեն հողին են հավասարեցրել։ Ինչի՞ մասին է խոսքը, ես մտածում եմ, թե Շուշիի եկեղեցիների ճակատագիրն ինչ է լինելու, այնտեղ միայն Ղազանչեցոցը չէ, ուրիշ եկեղեցիներ էլ  կան՝ շատ հայտնի և լավ։ 

Այդ բոլոր եկեղեցիները և՛ լուսանկարվել են, և՛ չափագրվել, և՛ հատակագծերը, և՛ հատույթները կան, և այդ հուշարձանների ճակատագիրը մնում է շատ ցավոտ»,- ընդգծում է հնագետը։

Փիլիփոսյանի տեղեկացմամբ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մեկնել են Արցախ, որպեսզի փրկեն հնարավոր շարժական հուշարձանները և խաչքարերը:

«Այսօր առավոտյան մեր կազմակերպության մեքենաները շտապ մեկնել են Քելբաջար, որ էնտեղից որոշակի խաչքարեր և այլն տեղափոխեն։ Թուրք գազանը մտավ էնտեղ՝ ոչնչացնելու է, այն, ինչ հնարավոր է ՝ խաչքար, շարժական ինչ-որ պատմական արժեք, գուցե թանգարանային ինչ-որ արժեքներ տեղափոխվելու են»,- նշում է Փիլիպոսյանը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի գործադրումով պատմամշակութային արժեքների պահպանությունը որևէ կերպ միջազգային նորմերով էլ հնարավոր չէ իրականացնել․ «Ես չեմ հավատում, որովհետև ոչ մի միջազգային նորմ մինչև այս չի պահպանվել, և ոչ մի միջազգային կազմակերպություն և՛ մարդկային, և՛ բարոյական, և՛ սոցիալական խնդիրներ չի բարձրացրել, ես համոզված եմ, որ այս ոլորտում նրանք ևս լուռ են մնալու, և նաև այդ համաձայնագրով նման կետ նշված չէ»,- նշում նա։ 

Հարցադրմանը՝ իսկ ո՞րն է ելքը, ինչպե՞ս է հնարավոր պահպանել այդ արժեքները, Փիլիպոսյանը նշում է․ «Ես չգիտեմ, գուցե այն տղաները, որ դիրքերում կանգնած են, չհամաձայնվեն իրենց զենքերը վայր դնել, չգիտեմ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am