Հայաստանում կանանց հզորացմանն ուղղված հինգ նոր ծրագիր է մեկնարկում՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունն այսօր հինգ նոր ծրագրի աջակցության պայմանագիր է ստորագրել հայաստանյան հինգ, այդ թվում մարզային, կազմակերպությունների հետ։

Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց հզորացմանն ու գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերը միտված են կանանց աշխատանքային իրավունքների, եզդի կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց դեմ բռնության կանխարգելմանը, սերունդների արժեքային փոփոխությունների ու գենդերային հավասարության հարցերում ուսումնասիրություններին։

«Կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը և կանանց առաջնորդությունը շատ կարևոր արժեքներ են Նիդերլանդների համար, որոնք մենք խրախուսում ենք ու որոնց համար պայքարում ենք մեր երկրում և ամբողջ աշխարհում: Այսօր մենք նոր ծրագրեր ու գործընկերություններ ենք սկսում, որոնք միտված են կանանց համար ավելի լավ միջավայրի և հավասարության ստեղծմանը»,- նշում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Նոր ծրագրերն իրականացնելու են «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական ՀԿ-ն, «Safe YOU» կանանց բռնությունից պաշտպանելուն ծառայող բջջային հավելվածի հեղինակ Իմփաքթ իննովացիոն ինստիտուտը, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն և «Ծնողները հավաարության համար» կազմակերպությունը, Էսթեր Գրիգորյանը։

Այս տարի լրանում է Նիդերլանդների Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։

Նիդերլանդները և Հայաստանը 30 տարիների ընթացքում զարգացրել են կայուն և արդյունավետ, փոխշահավետ համագործակցություն։ 2020 թվականին երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակ են արձանագրել Հայաստանում Նիդերլանդների մշտական ​​ներկայացուցչության՝ դեսպանատան հաստատմամբ։

Այս մասին հայտնում են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատնից։