Սյունիքում արցախցիներին կացարան տրամադրած քաղաքացիներն աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունեց «Ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին» որոշում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի համաձայն՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավոր կացարաններ տրամադրած տնտեսավարողներին դրամաշնորհի տեսքով տրամադրել աջակցություն՝ վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցման նպատակով։

Միջոցառման շահառու հանդիսանում են, մասնավորապես, այն հանգստյան տները, հյուրանոցները և հյուրատները, որոնք ընդգրկված են եղել կոմունալ ծառայությունների փոխհատուցման ծրագրի շահառուների ցանկում: