Անհասկանալի է, թե ինչու են ՍԴ դատավորները թաքցնում քվեարկության պատկերը. ըստ Սաքունցի՝ «հանրությունից թաքնվելու, բաց չլինելու խնդիր ունեն»

Սահմանադրական դատարանի նախագահ չընտրելու գործընթացն ու ՍԴ դատավորների պահվածքը փաստում են, որ այս կառույցում ճգնաժամը չի հաղթահարվել։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ՍԴ նախագահ չընտրելու հարցին։

«Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության պահվածքը խոսում է այն մասին, որ հանրությունից թաքնվելու, հանրության առաջ բաց չլինելու խնդիր ունեն։ Գաղտնիությունը ամենևին լավ բանի մասին չի խոսում, դրա համար ես պնդում եմ, որ ճգնաժամը չի հաղթահարվել»,- հավելում է իրավապաշտպանը։

Նշենք, որ ՍԴ դատավորները փակ նիստում այսօր Երվանդ Խունդկարյանին չեն ընտրել ՍԴ դատարանի նախագահ։ Նա առաջադրված միակ թեկնածուն էր, և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չեն ապահովվել։ ՍԴ դատավորները փակ նիստից հետո չեն մանրամասնել, թե ովքեր են մասնակցել քվեարկությանը, ովքեր են դեմ ու կողմ քվեարկել։ Միայն ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ չի մասնակցել քվեարկությանը։

Ընտրության համար պահանջվում էր դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 9 ձայնից 5-ը։ 

Արթուր Սաքունցի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ են ՍԴ դատավորները թաքցնում քվեարկության պատկերը։

«Ճիշտն ասած, մի քիչ դժվար է մեկնաբանել մի երևույթ, որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չկա։ Եվ ընդհանրապես, անհասկանալի է նաև գաղտնիությունը, որովհետև ՍԴ նախագահի ընտրությունը չի հանդիսանում պետական գաղտնի գործընթաց։ Այդ ի՞նչ գաղտնիք կա, որը հանրությունը չպետք է իմանա»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը։

Նրա խոսքով՝ ՍԴ դատավորների այս պահվածքն ակնհայտ վկայում է, որ Սահմանադրական դատարանն ինքն է անգամ ընկալում, որ հանրության մոտ վստահություն չունի։ 

«Եվ սա վկայում է այն մասին, որ այն ենթադրյալ հանրային վստահություն ասվածը, որը պետք է ձևավորվեր, այդպես էլ չի ձևավորվել։ Եվ դատավորների գաղտնի գործելակերպը, այն, որ նրանք թափանցիկ չեն հանրության համար, արդեն վկայում է, որ այդ պայմաններում ով էլ ընտրվի ՍԴ նախագահ, այդ գործընթացի ու ընտրության հանդեպ վստահություն չի լինելու։

Իսկ թե ինչ ընթացք է ստանալու գործընթացը հետո՝ դժվար է ասել։ Այսպես թե այնպես, ՍԴ նախագահ ընտրելու են ինչ-որ փուլում»,- ասում է նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ շատերը մտածում էին, թե Խունդկարյանն ընտրվելու էր, քանի որ միակ թեկնածուն էր։ Բայց այն, որ ընտրությունը տեղի չունեցավ, դա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը դարձել է մի մարմին, որը չի կողմնորոշվում կամ ունի լուրջ վերապահումներ նախագահի ընտրության հարցում։

«Երևի ժամանակ կպահանջվի, որովհետև դա ենթադրում է որոշակի համաձայնությունների գործընթաց։ Իսկ դա բավական դժվար գործընթաց է այս պայմաններում, բայց պետք է ընտրել»,- հավելում է նա։

Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովի կողմից ՍԴ դատավորներ են ընտրվել Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը։ Հատկապես բուռն քննադատությունների ենթարկվեց Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի ընտրությունը, քանի որ նրա անունը կապվում է նախկին իշխանությունների հետ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am