«Իմ Քայլը» հիմնադրամը կիրականացնի պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք ծրագրեր. Հայտարարություն

Հեղինակ MediaLab

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք ծրագրերի մասին․

🔹օժանդակություն ՀՀ-ում գործող հումանիտար օգնության կայաններին,
ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած դպրոցահասակներին համապատասխան փաթեթների տրամադրում (պայուսակ, գրենական պիտույքներ և այլն),

🔹ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի հղի կանանց ու նորածինների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում (մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի պարագաներ),

🔹փոքրիկ արցախցիների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպում Ստեփանակերտում,
ամանորյա միջոցառումներ զինվորականների երեխաների համար Երևանում և ՀՀ մարզերում,

🔹ժամանակավոր հացատուն Արցախի այլ բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիների համար (բազմազավակ մայրերն ու իրենց երեխաները, միայնակ տարեցները, ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքները):

Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու կարիքներին արձագանքելու հրատապությունը, ձեռնամուխ է եղել մի շարք միջոցառումների, աջակցության ծրագրերի իրականացմանը: Բոլոր միջոցառումները մշակվում և իրականցվում են ՀՀ և ԱՀ պետական համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ, կարիքների և պահանջարկի ուսումնասիրությամբ:

«Ունենալով հստակ գիտակցություն ու պատասխանատվություն առ այն, որ անհրաժեշտ է մարդկանց ապահովել արժանապատիվ միջավայր խնդիրները հաղթահարելու, ոտքի կանգնելու ու զարգանալու համար, հրատապ միջոցառումներին զուգահեռ մշակվում են նաև երկարաժամկետ ինքնաշխատ ծրագրեր, որ անպայմանորեն կբերեն դրական փոփոխություններ, մարդկանց կյանքի պայմանների բարելավում: Մենք պետք է արժանապատվորեն՝ մեկս մյուսին սատարելով, գոտեպնդելով, հաղթահարենք ճգնաժամն ու նորից բռնենք զարգացման ուղին:

Համատեղելով ջանքերը՝ փոխանցենք մեր սերն ու հոգատարությունը մեր հայրենակիցներին», -նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։