Դասալիքների ուռճացված թվեր հնչեցնելով՝ իշխանությունն ամեն ինչ անում է բանակը բարոյալքելու, մարտունակությունը թուլացնելու համար. Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը

– Պարո՛ն Աբրահամյան,  դատախազությունից տեղեկացրել են, որ դասալքության համար մեղադրանք է առաջադրվել 756 անձի։ Այս դեպքին նախորդել էր Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե 44-օրյայի ժամանակ Հայաստանն ունեցել է 11 հազար դասալիք, ու նույն թիվը երկու շաբաթ անց կրկնեց վարչապետի տիկինը։ Այս մասով ի՞նչ կարող եք ասել, ու ի՞նչ նպատակով էր Աննա Հակոբյանը իրականությանը չհամապատասխանող թվեր շրջանառում՝ ըստ ձեզ։

– Ադրբեջանի նախագահի հայտարարության գլխավոր նպատակը Հայաստանի զինված ուժերում բարոյալքություն սերմանելն ու խորացնելն է, այլ բան է, որ դա կրկնում, ուժեղացնում ու ավելի են հանրայնացնում երկրի առաջին դեմքերը, նրանց ընտանիքի անդամները և այլն։ 

Այստեղ նույնիսկ այնքան էլ կարևոր չէ, թե քանի մարդ է անցնում այդ վարույթներով, այլ կարևոր է, թե վերջնարդյունքում քանի մարդ է կոնկրետ պատասխանատվություն կրելու, այսինքն՝ վերջնական թիվ դեռևս պարզ չէ: Այն թվերը, որոնք շրջանառվում են պաշտոնական շրջանակներում, ակնհայտորեն շատ հեռու են այդ 11 հազարից, իսկ այն մարդիկ, որոնք փորձում են հայկական բանակը ներկայացնել որպես փախչողների, չկռվողների, վախկոտների բանակ, որևէ ձևով չեն տարբերվում ադրբեջանցի չինովնիկներից և նույն գործառույթն են իրականացնում։

– Այս դեպքերի անաչառ քննության, հանգուցալուծման, մեղավորներին պատժի ենթարկելու հույսեր ունե՞ք։

– Դասալիքների հարցը պետք է դիտարկել երկու հարթության մեջ, այն իրականում բավականին մեծ խորություն ունի։ Առաջինը՝ պետությունն ունի համապատասխան գործիքակազմ թույլ չտալու խուճապ, որը շատ դեպքերում հանգեցնում է հենց դասալքության։ Երկրորդ՝ բարոյահոգեբանական վիճակի պատշաճ մակարդակի ապահովում, դրա համար կան հաստիքներ, ՊՆ-ի համակարգում կա ռազմական ոստիկանություն, որը խաղաղ ու պատերազմական ժամանակաշրջանում ունի շատ հստակ պարտավորություններ։ Այդ ներդրված գործող մեխանիզմների արդյունավետությունից է նաև կախված, թե իրականում ինչ վիճակ կլինի զինված ուժերում, ու դա ինչ ծանր հետևանքներ կունենա։ 

Թեման պետք է քննարկել ոչ միայն այն տեսանկյունից, թե ով որ պահին որ հենակետն է լքել հրամանի կամ դրա բացակայության պայմաններում, սա հարցի միայն մեկ կողմն է։ Պետք է հասկանալ, թե կոնկրետ կառավարությունը պատերազմական ժամանակահատվածում ի՛նչ միջոցներ է գործադրել ու որքանո՛վ է կառավարել այն գործիքակազմը, որն ունի իր ձեռքի տակ։ Որովհետև, հավաստիացնում եմ, ստացվելու է մի իրավիճակ, որ իրականության մեջ մենք ունեցել ենք որոշակի վատ պատկեր հենց այն պատճառով, որ վերևից կառավարում չի իրականացվել, անհրաժեշտ հրամաններ չեն տրվել, անհրաժեշտ միջոցառումներ ու գործողություններ չեն արվել, ու ստեղծվել է խուճապային իրավիճակ, որը նաև կարող էր հանգեցնել որոշակի դասալքության դեպքերի։ 

Բայց այդ ուռճացված թվերը, որոնք իշխանության տարբեր դեմքեր հնչեցնում են, անում են այն պարագայում, երբ կան 7-8 տասնյակի մասով դատական վճիռներ, իսկ այս պարագայում այդպիսի ուռճացված թվեր հնչեցնելը խոսում է այն մասին, որ իշխանությունն ամեն ինչ անում է բանակը բարոյալքելու, մեր ուժային կառույցներին, զինվորներին հոգեբանորեն ճնշելու և մարտունակությունը թուլացնելու համար։ 

– Պարո՛ն Աբրահամյան, դասալիքների մասին խոսելիս, տեղին է հիշատակել նաեւ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ հնչեցրեց պատերազմի առաջին օրերին. «Դասալիքները պիտի հանրային պարսավանքի արժանանան»։ Աշխարհի տարբեր երկրներում, ինչպես եւ մեզ մոտ,  դասալիքները խիստ պատժի եւ պատասխանատվության են ենթարկվում, իսկ Հայաստանում վարչապետը խոսում է հանրային պարսավանքի մասին: Ինչու՞:

– Աբսուրդն այն է, որ առկա օրենսդրությունը սահմանում է, թե ինչ պատասխանատվություն է կրում տվյալ անձը՝ շարքային անձնակազմ կլինի, սպայական, պահեստազորից զորակոչված կլինի, որը հրաման չի կատարում, մարտական խնդիրը չի կատարում, իրեն վերապահված գործառույթները չի իրականացնում։ Այսինքն՝ ի՞նչ հանրային պարսավանքի մասին է խոսքը, եթե օրենսդրությունը հստակ սահմանում է, թե որ դեպքում ինչ է ենթադրում օրենքը։ Այսինքն՝ այդ հայտարարությունը նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա։ 

– Ընդդիմությունը մշտապես ասել է, որ գտնվում ենք շատ ծանր վիճակում, ու եթե այս իշխանությունը շարունակի մնալ, մեր վիճակն ավելի է ծանրանալու։ Այդ ծանր վիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր եք առաջարկում հանրությանը։

– Առաջնային օրակարգը կա ու մնում է այս իշխանության փոփոխությունը, որովհետև այսպիսի իշխանության պայմաններում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի հետ կապված հարցերը գնալով վատթարանում են: Սա չեմ ասում, որովհետև ընդդիմության ներկայացուցիչ եմ, այլ այն պատճառով, որ Հայաստանում ապրող ցանկացած մարդու համար այս 4,5 տարիները դարձել են ցավի, տառապանքի ու ողբերգության տարիներ, ու ակնհայտ է, որ կառավարությունն իր հիմնական պարտավորությունները՝ երկրի տարածքային ամբողջականության պահպանման, անվտանգության ապահովման մասով, չի կատարել։ 

Հասկանալի է, որ այս իշխանությունն ի վիճակի չէ որևէ լուրջ խնդիր լուծելու, էլ չեմ խոսում, որ գիտակցված ձևով Արցախը տարել են հանձնման, փորձել են այդ կերպ Հայաստանի համար անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալ։ Այսինքն՝ այլ տարբերակ այստեղ չի քննարկվում, Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որը շատ սթափ գնահատում է իրավիճակը, կարողանում է աշխատել միջազգային գործընկերների հետ ու փորձել իրավիճակից դուրս գալ։

– Այ նման իշխանություն ունենալու համար ընդդիմությունն ի՞նչ է անում։

– Ընդդիմությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո երկու խոշոր շարժում է ձևավորել, փորձել է այդ պայքարը տանել նաև խորհրդարանում։ Այդ պայքարի արդյունքում բազմաթիվ գործընթացներ կասեցվել են, մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչներ կամ համակիրներ անցան ու անցնում են ապօրինի քրեական գործերով։ Այսինքն՝ ընդդիմությունն իր մասով իր հնարավորությունները փորձում է օգտագործել, քննարկումներ են ընթանում նաև այլ հարթակներ ձևավորելու մասով, որպեսզի հնարավոր լինի հասնել իշխանության փոփոխության ու իրավիճակին համահունչ իշխանության ձևավորման։ 

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am