Ամանորը` Հայկական բարձրավանդակում. Զարուհի Փոստանջյանը և Շուշան Պետրոսյանը` տոնական սեղանի մոտ

Ամանորը` Հայկական բարձրավանդակում. Զարուհի Փոստանջյանը և Շուշան Պետրոսյանը` տոնական սեղանի մոտ
Ամանորը` Հայկական բարձրավանդակում. Զարուհի Փոստանջյանը և Շուշան Պետրոսյանը` տոնական սեղանի մոտ

«Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն Ամանորը անցկացնում է, ինչպես ինքն է ասում` Հայկական բարձրավանդակում` ընտանեկան հարկի տակ: Նախատեսում է միայն հունվարի մեկին փաստաբան ընկերների հետ մեկնել Շուշի:
Տոնական սեղանը պատրաստում է մենակ:
«Մեր տանը հինգ Զառա կա (նկատի ունի չորս աղջիկներին), բայց մեր տան խոհանոցի թագուհին ես եմ: Պարտադիր պատրաստում եմ փախլավան, որը սովորել եմ հորաքրոջիցս, թփով տոլմա, թաբուլե: Ի դեպ, ես այս շրջանում`դեկտեմբերի 26-ից մինչև Զատիկ, պահքի մեջ եմ լինում, և ասեմ, որ տոնական ճոխ սեղանները ինձ չեն խանգարում: Հատուկ ինձ համար պատրաստում եմ թոփիքներ`սիսեռից ու ընկույզից, բուսական է և շատ համեղ: Նաև գինի եմ խմում»,- ասում է Փոստանջյանը:

Նրա ցանկությունը` կապված գալիք 2013 թվականի հետ, մեկն է. «Բոլորը հավասար են ծնվել, և բոլորիս նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի հավասարապես արդարացիորեն, որպեսզի չնեղվենք, մենք արժանի ենք ավելիին: Ցանկանում եմ, ամենակարևորը` արտագաղթը կանգ առնի, ու մենք մեր հայրենի հողում շատանանք»,- ասում է նա:

Զարուհի Փոստանջյանն անցնող տարին անգամ նվազագույն առումով երկրի համար ձեռքբերումներ չի տեսնում: Փոխարենը այն ունեցել է անձնական կյանքում. «Սիրող ամուսին, սիրող երեխաներ, սիրող շրջապատ, ընկերներ ու գործընկերներ, որոնց բոլորին շատ, շատ եմ սիրում»:

Շուշան Պետրոսյանը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող երգչուհի Շուշան Պետրոսյանն ասում է, որ եղել են տարիներ, երբ Նոր տարին անցկացրել են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, սակայն այս տարի կլինեն տանը:

«Հայրիկիս մահվան առաջին տարին է, անխոս Հայաստանում կլինենք, ընտանեկան հարկի տակ»,- ասում է նա:

Սիրում է լինել խոհանոցում միշտ, այդ թվում և` Ամանորին:

«Միայն հատուկ ուտեստներ կան, որոնք պատվիրում եմ բացառիկ վարպետների, ինչպես, օրինակ` իշլի քյուֆթան: Սակայն ինքս եմ պատրաստում մեքսիկական աղցանը, մայրաքաղաքայինը, որի մեջ հատուկ մի բան եմ գցում, որը նրան յուրահատուկ համ է տալիս, իհարկե չեմ ասի, թե ի´նչ: Թփով տոլման պատրաստում եմ փոքր Զատիկից հետո: Փորձում եմ այնպես անել, որ կերակուրները սեղանին լինեն տրամաբանական, իրար համահունչ, ինչը կարևոր է նաև մեր օրգանիզմի համար: Պետք չէ ամեն ինչ լցնել իրար վրա ու հետո թափել»,- ասում է երգչուհին:

Նա տոնական սեղանի դոմինանտ չի համարում խոզի բուդը, սակայն խոստովանում է, որ ամեն տարի այն պատրաստում էր հոր հետ:

«Այս տարի ի հիշատակ իրեն` ես ու եղբայրս կփորձենք իր բաղադրատոմսով պատրաստել: Սիրում եմ տոնական սեղանին ունենալ «Շուբա» աղցանը: Միշտ պատրաստում եմ անկորիզ, տարբեր գույների զեյթուններից աղցան: Մի ամանի մեջ լցնում եմ զեյթունները, ավելացնում չորացրած նանա, կարմիր փոշի պղպեղ ու զեյթունի ձեթ: Կրեմով խմորեղեն չեմ պատրաստում, փոխարենը պատրաստում եմ ամանորյա մեծ կեքս`շոկոլադով, լոխումով, ընկույզներով»,- ասում է Պետրոսյանը:

Ցանկանում է, որ 2013-ին խաղաղ երկինք լինի, հանգստություն լինի երկրի սահմաններում, անցկացվեն նորմալ, արժանապատիվ ընտրություններ, մարդկանցից պակասի ատելությունը: Նա կոչ է անում մի պահ մոռանալ անձնական շահը, մի կողմ դնել սեփական «ես»-ը, էգոն ու իրար ձեռք բռնել:

Փորձելով գնահատել անցնող տարին ասում է. «Ինձ համար կարևոր էր հատկապես իմ պատգամավոր դառնալու այս քայլը, ինչը ինձ համար ևս անսպասելի էր, ու ես իմ կարողությունները ծառայեցնելու եմ իմ երկրին, հօգուտ մեր մշակույթի, աշխատելու եմ նվիրյալի նման, անկոմպրոմիս: Ինչպես իմ երաժշտությունում այլատար էլեմենտ չեք տեսնում, այդպիսին էլ կլինի իմ գործունեությունը մշակույթի ասպարեզում»:

© Medialab.am