«Հայաստանի քաղաքական ընտրախավը պետք է փոխվի, թու՛յլ տվեք, որ երկիրը շարժվի առաջ»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մի առիթով նշել էի, որ 88-ից մինչ օրս Հայաստանում քաղաքական ընտրախավը, փաստորեն, չի փոխվում, կամ դժվար է փոխվում։

Նախկին առաջնորդների ՛՛սինդրոմը՛՛ հետապնդում է մեզ՝ թույլ չտալով դուրս գալ նրանց ազդեցության տակից։

Նո՛ւյն դեմքերն են, նու՛յն խոսքերը, նույն ՛՛մտահոգությունները՛՛, նո՛ւյն տագնապալից ՛՛կանխատեսումները՛՛։

Անուրանալի ձեռքբերումների հետ մեկտեղ, քաղաքական այդ ընտրախավը կորցրեց բարեկեցիկ պետություն կառուցելու մեզ տրված հնարավորությունը՝ սերունդների ուսերին թողնելով ահռելի բեռ…

Այս տարիների ընթացքում անկախության վերականգնման ու Արցախում տարած փառահեղ հաղթանակին զուգահեռ՝ մենք կորցրեցինք մեկ միլիոնից ավել ժողովուրդ, ով իր բարեկեցիկ ապագան փորձել է փնտրել Հայաստանից դուրս…

Այս ամենը չէր կարող իր հետևանքները չունենալ, ինչի արդյունքում, ցավոք սրտի, շատերի մոտ և՛ անկախության գաղափարն արժեզրկվեց, և՛ Ղարաբաղում տարած հաղթանակը…

Իսկ այսօր, արդեն, ըստ էության, կորցրեցինք Արցախը։

…Այս ամենը կարող էր և ՛՛մարսվել՛՛, եթե պետության ընդհանուր որակն առողջ լիներ, բա՞յց…

Այլընտրանք չկա, Հայաստանի քաղաքական ընտրախավը պետք է փոխվի, անխուսափելիորեն պետք է փոխվի, որ փոխված էլիտան փոխի Հայաստանի կառավարման փիլիսոփայությունն արմատապես…

Իսկ սա նշանակում է, որ 88-ի սերունդը, ով արժանիորեն անուրանալի դեր կատարեց մեր ժողովրդի պատմության մեջ, և, ըստ էության, գրեց նոր պատմություն, նույնպիսի արժանապատվությամբ ու ինքնակամ պետք է հեռանա քաղաքական ասպարեզից…

Այս մարդկանցից շատերը, ովքեր այսօր հավակնում են քաղաքական որոշումների կայացման վրա ունենալ ազդեցություն, այս իրողությունների լույսի ներքո չեն ուզում համակերպվել այն մտքի հետ, որ իրենց գոյությունը քաղաքական դաշտում արգելակում է նոր քաղաքական էլիտայի կայացմանը։

Այսպիսի էգոիստ քաղաքական ընտրախավ հնարավոր չէ պատկերացնել։ Մինչև վերջին շունչը փորձում են մնալ ջրի երեսին։

Սա նաև անազնիվ վարքագիծ է այսօրվա ու վաղվա սերնդի նկատմամբ։

Դուք կարող եք ուսուցանել, փոխանցել Ձեր փորձը, մատնանշել սխալներն ու բացթողումները, բայց ոչ ավելին։ Դուք այսօր օբյեկտիվորեն չունեք այն որակները, որոնք ունեիք Ձեր աստեղային ժամին։

Թու՛յլ տվեք, որ Հայաստանը շարժվի առաջ»։