«Արցախյան աղետալի պատերազմի պարտության պատճառներից մեկն էլ գործող կառավարման համակարգի թերություններն էին, երբ շունը տիրոջը չէր ճանաչում». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

Պարո՛ն Նորիկյան, նոյեմբերի 30-ին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, 1 դեմ, 1 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ որոշեց պահպանել կառավարման խորհրդարանական ձևը՝ բարելավելով այն: Այս մասով ձեր դիրքորոշումը կխնդրեմ: Համակարծի՞ք եք հիմնավորումներին, որ կառավարման այս մոդելը Հայաստանում իրեն արդարացրել է ու անհրաժեշտ է պահպանել կառավարման հենց խորհրդարանական մոդելը:

– Կառավարման խորհրդարանական մոդելը կարող ենք համեմատել նախորդ կառավարման համակարգի հետ ու գտնել դրանց առավելություններն ու թերությունները: Նրանք, ովքեր ասում են, որ խորհրդարանական մոդելն արդարացրել է իրեն, կարո՞ղ են նշել գոնե մեկ հանգամանք, ընդհակառակը՝ բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ պետական կառավարման արդյունավետությունը նվազել է, պատասխանատվության ինստիտուտը՝ փոշիացվել:

Կոնկրետ 2020 թվականի Արցախյան աղետալի պատերազմի պարտության պատճառներից մեկն էլ գործող կառավարման համակարգի թերություններն էին: Ինչպես ասում են՝ շունը տիրոջը չէր ճանաչում, ու ոչ ոք չէր կարող ասել, թե վարչապետն ինչի՛ համար է պատասխանատու, զինված ուժերի ԳՇ պետը՝ ինչի՛ համար, ՊՆ-ն ու այդ կառույցի ղեկավարը՝ ինչի՛ համար:

Կառավարման այս մոդելի պատճառով է, որ երեք տարվա մեջ երկու արտահերթ խորհրդարանական ընտրություն է տեղի ունեցել: Այս կառավարման համակարգի հետևանքն է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որը Սահմանադրությամբ կոչված է ապահովելու դատարանների անկախությունն ու բնականոն գործունեությունը, հենց ստեղծման օրվանից գտնվում է սկանդալների մեջ՝ իր նախագահների առումով, հետևաբար այդ կառույցը վստահության մեծագույն ճգնաժամ է ապրում:

Այս Սահմանադրությունը չի տալիս հստակ կարգավորումներ նաև սահմանադրական մարմինների միջև վեճերի խնդրի լուծման վերաբերյալ, վառ օրինակը Հրայր Թովմասյանի հետ կապված խնդիրն էր: ԶՈՒ ԳՇ պետին ազատելու հետ կապված խնդիրը, հիշում ենք, որ նախագահը չէր ստորագրում: Այսինքն՝ և՛ տարընթերցումները, և՛ սահմանադրական կարգավորումները այնքան խրթին ու անորոշ են, որ ում ինչպես հարմար է՝ այդպես էլ մեկնաբանում է սահմանադրական նորմերը:

Կուսակցությունների չկայացածության, քաղաքական համակարգի անառողջ լինելու պայմաններում, երբ պառլամենտարիզմի գաղափարաբանությունը արմատացած չէ հայ քաղաքական մտքում ու մեր հանրային գիտակցության մեջ, պահպանել կառավարման այս համակարգը հղի է շատ վտանգավոր հետևանքներով:

Այս մոդելն արդարացնողները խոսում են կիսանախագահականի դեպքում նախագահի միանձնյա ղեկավարման ու իշխանության մասին, բայց, կներեք, մենք հիմա ավելի ցցուն դրսևորումներ ունենք. չունենք մաքուր խորհրդարանական կառավարման համակարգ, այսօրվա նախագահն էլ վարչապետն է, այսինքն՝ գործ ունենք սուպերվարչապետական համակարգի հետ:

Մեր կուսակցությունը կողմ է կիսանախագահական կամ ուժեղ նախագահական համակարգի կառավարման մոդելին՝ պայմանով, որ ձևավորվեն ուժեղ օրենսդիր ու գործադիր իշխանություններ ու իսկապես անաչառ ու անկաշառ դատական համակարգ:

– Ձեր ասած սուպերվարչապետական համակարգի մասին քննադատաբար խոսում էին այն ժամանակ ընդդիմադիր, իսկ այսօր իշխանություն հանդիսացող քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ պետք է ազատվել «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից»: Ըստ ձեզ՝ հիմա ինչո՞ւ են պահպանում այդքան քննադատված կառավարման համակարգը:

– Որովհետև իրենց հագով են հարմարեցրել, իրենց էլ է ձեռնտու այս վիճակը, քանի որ բոլոր դեպքերում, կիսանախագահական կառավարման համակարգ ունենալու դեպքում երկրի ղեկավարը փաստացի երկու անգամից ավելի վերընտրվելու հնարավորություն չի ունենում, իսկ խորհրդարանական համակարգի ֆորմալ պայմաններում, ըստ էության, կառավարող կուսակցության ղեկավարը, փաստացիորեն, ստանում է հավերժ կառավարելու հնարավորություն, ինչը շատ լուրջ խնդիր է, չնայած Հայաստանի պարագայում նման սցենարը մի քիչ բարդ է լինելու կյանքի կոչել, որովհետև մեր ժողովուրդը որևէ ղեկավարի երկու անգամ վերընտրվելու հնարավորությունից ավելի մանդատ չի տվել ու տալու:

Մեզ համար էլ է տարակուսելի, որ Սերժի ամենալուրջ «մնացորդից» գործող իշխանությունը ոչ միայն չի հրաժարվում, այլ նաև բյուրեղացնում ու ամրապնդում է:

– Պարո՛ն Նորիկյան, իշխանության ներկայացուցիչներն ընդգծում են, որ «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից» իրենք չեն օգտվում այնպես, ինչպես Սարգսյանի իշխանությունը, դրա համար էլ կարիք չկա փոփոխելու: Այդ տարբերությունը դուք նկատո՞ւմ եք:

– Խնդիրը հետևյալն է, եթե նախորդ ռեժիմները խախտում էին կիսանախագահական կառավարման համակարգով ամրագրված իրավակարգավորումները, դա չի նշանակում, որ այդ կառավարման համակարգը վատն էր:

Այսինքն՝ եթե նախորդների ժամանակ ընտրությունների արդյունքները կեղծվում էին, դա չի նշանակում, որ ընտրական օրենսդրությունը Հայաստանում վատն էր, ուղղակի կառավարող ուժերի մտածողությունը, ընդհանրապես տիրող քաղաքական տրամաբանությունն էր «ինչքան ուզեմ, էնքան կխփեմ»-ը, դրա համար էր նաև, որ 2018-ին ժողովուրդը դուրս եկավ փողոց փոխելու համար այդ իրավիճակը: Հիմա, եթե դրանով են արդարացում փնտրում, մենք լրիվ ուրիշ օպերայի մասին ենք խոսում:

– Բայց դուք այդ տարբերությունը զգո՞ւմ եք, որ ասում են իշխանության ներկայացուցիչները:

– Իսկ իրենք ինչո՞վ են տարբերվում նախկիններից: Ես հստակ կարող եմ ասել հետևյալը. քանի դեռ օրինական ընտրությունների միջոցով գործող իշխանությունը պարտություն չի կրել և չի շնորհավորել իրեն հաղթած քաղաքական ուժին, մենք չենք կարող ասել, որ Հայաստանում գործում է սահմանադրական կարգ, ու ժողովրդավարական ինստիտուտները դարձել են անշրջելի: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ընդդիմություն, Հայաստանում օրինական ընտրությունների միջոցով իշխանության չի եկել:

Հայաստանում առհասարակ որևէ ժամանակահատվածում, որևէ իշխանության օրոք ընտրությունների միջոցով ընդդիմությունը հաջողության չի հասել: Քանի այս փաստը չի արձանագրվել, մենք չենք կարող հիմնարար տարբերությունների մասին խոսել:

– Պարո՛ն Նորիկյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանձնաժողովի հետագա աշխատանքներից:

– Մենք հայտարարություն ենք տարածել, որում ներկայացված է չորս հիմնարար առաջարկություն. 1․ փոփոխել կառավարման համակարգը և անցում կատարել կիսանախագահական կամ նախագահական համակարգի, 2․ լուծարել Սահմանադրական դատարանն ու ստեղծել Գերագույն դատարան՝ վերջինիս վերապահելով նաև սահմանադրական արդարադատության իրականացման գործառույթ, 3․ հիմնովին փոփոխել Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգն ու հստակեցնել նրա իրավասությունների շրջանակը, որպեսզի հնարավոր լինի իրապես դառնալ դատարանների անկախության երաշխավոր, 4․ ստեղծել Ռազմական օմբուդսմենի ինստիտուտ։

Եթե այս ամենը չի արվում, ու հատկապես կառավարման համակարգը չի փոխվում, սահմանադրական փոփոխությունները համարում ենք անիմաստ զբաղմունք, ռեսուրսների անիմաստ վատնում և հանրության վստահության հերթական փոշիացում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am