ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին` ԼՂ հայության հումանիտար խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

Գրանադայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԼՂ հայության հումանիտար խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով: Նշվել է, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար:

Միաժամանակ, կողմերն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ հետագա համագործակցությանը: