«Հայաստանը մնում է սեփական շահերին հակասող քաղաքական դաշտի պատանդը». Տիգրան Խզմալյան

«Հայաստանը մնում է սեփական շահերին հակասող քաղաքական դաշտի պատանդը». Տիգրան Խզմալյան
«Հայաստանը մնում է սեփական շահերին հակասող քաղաքական դաշտի պատանդը». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի եվրոպական կուսակցության համահիմնադիր, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

– Պարո՛ն Խզմալյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերն արդյոք ներկայացնո՞ւմ են հայաստանյան քաղաքական դաշտի լիարժեք պատկերը:

– Ես դեռևս ամիսներ առաջ փորձում էի կանխատեսել Ազգային ժողովի ընտրությունների պատկերը և հանրության քաղաքականացված հատվածի բաշխումը: Եվ ամռան կեսերին ինձ գոնե թվում էր, որ տրամաբանական է, եթե երեք հիմնական բևեռներ լինեն: Ամենամեծ բևեռը, որը պետք է լիներ և առայժմ այդպես էլ կա, կենտրոնամետ իշխանության շուրջը ձևավորված զանգվածն է: Այն բավական խայտաբղետ է, որովհետև այնտեղ կան և անկեղծ մարդիկ, կան նաև ցանկացած իշխանությանը միշտ հարող մարդիկ:

Երկրորդ բևեռը անխուսափելիորեն պետք է լիներ, դա պայմանականորեն անվանենք ռուսամետ, Ռուսաստանին հարող, այդ երկրի շահերը սպասարկող անձինք: Եվ երրորդ խումբը, որը պետք է լիներ փոքր ու աննշան, սակայն կարևոր, արևմտամետ բռեռն էր: Եվ մեծ հաշվով փաստորեն այդպես էլ եղավ, իմ կանխատեսումները հիմնականում արտացոլում են այսօրվա իրավիճակը: Բացարձակ այլ է պատկերը, եթե մենք մի փոքր խորանանք, որովհետև այստեղ շատ ավելի բարդ է իրավիճակը:

Եվ այդ եռագլուխ, եռաբևեռ իրականությունը ավելի բարդ է, քան մակերեսում կա: Այստեղ պետք է նշել փաշինյանակենտրոն այդ հատվածի ավելի բարդ ձևավորումը, նույնը կարելի է ասել ՀՀԿ-ում տեղի ունեցած բավական հետաքրքիր զարգացումը, որը ես կանվանեի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բևեռների պայքար և տրոհում:

Բայց դա այդքան մեծ ազդեցություն չի ունենա ընտրությունների վրա: Այնպես որ, ձեր հարցին ես կպատասխանեի բոլորովին այլ կերպ: Ինձ համար հիմա պարզ է դարձել, որ միակ իրական հարցը, որը պետք է լուծեն այս ընտրությունները և որն ըստ երևույթին դրանք չեն լուծելու, այն հարցն է, որը չի տրվում այսօր: Այդ հարցն է՝ արդյոք Հայաստանը լինելո՞ւ է ազատ, անկախ, ապագաղութացած երկիր, թե՞ դեռևս մնալու է Ռուսաստանի ազդեցության ոլորտում:

Կարծում եմ՝ այս անգամ մենք այստեղ դեռևս բեկում չենք տեսնելու մի շարք պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: Հայաստանը մնալու է Ռուսաստանի ազդեցության ծիրում, և մենք չենք արձանագրելու այն կարևորագույն և միակ իրական նպատակը, որի համար արվում են հեղափոխություններ: Մենք չենք հասել իրական պետական ինքնիշխանության, Հայաստանը մնում է սեփական շահերին հակասող քաղաքական դաշտի պատանդը:

– Նոր իշխանությունների օրոք փոփոխություն տեղի չունեցա՞վ այդ առումով: Մենք այս փուլում ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանի վարչապետը փորձում ՀԱՊԿ-ում առաջ տանել Հայաստանի շահը, կոշտ պատասխաններ է տալիս անդամ երկրներին:

– Նախ՝ ՀԱՊԿ-ը Ռուսաստան չէ, մի քանի պետություններ են: Ես կասեի հետևյալը՝ Ռուսաստանն ունի լուրջ խնդիրներ ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաև Բելառուսի, Ղազախստանի հետ: Եվ այդ խնդիրները նույն որակի են, որոնք կան նաև Հայաստանի հետ: Բոլոր այդ նշված երկրները փորձում են մեծացնել ինքնիշխանության մակարդակը Ռուսաստանից:

Բոլորը շատ անհանգստացած են Ռուսաստանի հնարավոր ոտնձգություններով: Կարծում եմ՝ հիմա Բելառուսը ամենավտանգված տարածքներից մեկն է, չնայած քչերն են դա գիտակցում: Բելառուսում և Եվրոպայում շատերը գիտակցում են, որ Բելառուսը բավական խոցելի է ոչ միայն ռուսական ազդեցության, այլև ուղիղ կլանման համար: Այնպես որ, Հայաստանի և Բելառուսի միջև այսօր ծագած հակասությունները ոչ այնքան Հայաստանի և Բելառուսի խնդիր են, այլ շատ ավելի բարդ թնջուկ:

– Արդյոք Ռուսաստանն արդեն ավելի շատ հաշվի՞ չի նստում Հայաստանի կարծիքի հետ:

– Ես չեմ կարող չափիչ ցուցիչ նշել, երկու բան կասեմ: Առաջինը՝ Հայաստանի նոր տոնը, նոր ոճը անհրաժեշտ էին, բայց ոչ բավարար ինքնիշխան պետության համար: Եվ երկրորդ՝ ինձ համար ցուցիչի առումով որոշիչ էր Հայաստանի ներգրավվածությունը սիրիական արկածախնդրությանը: Սիրիայի ամբողջ ռազմական կամպանիան Ռուսաստանի կողմից շատ վտանգավոր, հեռու գնացող և բացարձակապես մեր շահերին հակասող արշավ է, և Ռուսաստանը մոտ 2-3 տարի շարունակ փորձում էր Հայաստանը ներգրավել այդ արկածախնդրության մեջ:

Եվ դա հաջողվեց միայն նոր իշխանությունների օրոք, որն ինձ սկզբում շատ զարմացրեց, իսկ հիմա նաև շատ զայրացնում է: Ես կարծում եմ, որ Հայաստանը օր առաջ պետք է դուրս գա այստեղից: Սա իմ սուբյեկտիվ կարծիքը չէ, նույնն ասում են նաև Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները, դա բաց տեքստով Երևանում ասաց ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը: Ես մեկ ամիս շարունակ՝ սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 12-ը, ամեն օր ցույցեր էի անում իմ գործընկերների հետ կառավարության շենքի դիմաց:

– Այսինքն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի թվում չկա՞ն այնպիսիք, որոնք Հայաստանի ապագաղութացման դեմ հանդես կգան, այդ հարցով հակակշիռ կլինեն իշխանությանը:

– Ես այդքան կտրուկ չէի ասի, որովհետև կան գոնե երկու կուսակցություններ, որոնք իրենց կանոնադրությունում դրել են ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:

– Օրինակ՝ «Սասնա ծռեր» կուսակցությունն էլ է նմանօրինակ հարցեր բարձրացնելու:

– Ես մասնակցել եմ մի քանի քննարկումների, քաղաքական բանակցությունների, որոնց մասնակից էին նաև «Սասնա ծռերը» և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ես, հայտնելով Հայաստանի եվրոպական կուսակցության կարծիքը, որը ներկայացնում եմ, ասացի, որ մեզ համար ամենանվազագույն նիշը պետք է լինի ապագաղութացման գաղափարը: Եվ այդ ապագաղութացման գաղափարի շուրջ մենք կարող ենք միավորվել և դառնալ շատ ավելի ուժեղ դաշինք, քան առանձին վերցված կուսակցությունները:

Այնտեղ կային կուսակցություններ, որոնք պատրաստ էին գնալ այդ դաշինքի կազմմանը, սակայն ապագաղութացման գաղափարը ոմանց թվաց չափազանց կոշտ ձևակերպված: Եվ առաջարկվեցին շատ ավելի մեղմ ձևակերպումներ: Ես կրկնում եմ՝ ապագաղութացման գաղափարը նվազագույնն է, որի շուրջ պետք է միավորվեր ընդդիմությունը: Բացի դա, Հայաստանի եվրոպական կուսակցությունը «Սասնա ծռերի» հետ չի կիսում հաջորդ հարցերի շուրջ տեսակետները: ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալը ինքնանպատակ չէ, ընդամենը միջոց է:

Կա մեկ այլ միջանկյալ նպատակ, որը զուգահեռ գործընթաց է՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու: Միայն այդպես մենք կապահովենք մեր ֆիզիկական գոյության խնդիրը, ազգային անվտանգության, տնտեսական զարգացման, քաղաքական ինքնիշխանության, մշակութային ինքնության պահպանման խնդիրների լուծումը: Եթե մենք ասում ենք՝ ապագաղութացում, այո՛, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալ, այո՛, բայց մյուս քայլը չենք անում, դա նշանակում է, որ մենք լավ չենք պատկերացնում, որ քաղաքական վակուումի ու դատարկության մեջ ենք հայտնվելու:

– Վերջին կես տարվա զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս, ո՞ւր է գնում Հայաստանը: Առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, էական փոփոխությունների հույսեր կա՞ն:

– Մենք անում ենք մեր քայլը՝ մեկ քայլ, հետո երկու քայլ հետ ենք անում: Չարաբաստիկ Լենինի հայտնի հոդվածներից մեկը կոչվում էր «Մեկ քայլ՝ առաջ, երկու քայլ՝ հետ»: Մենք երբեմն անում ենք այդ քայլը ճիշտ ուղղությամբ, հետո երկու քայլ հետ ենք դառնում: Մենք դեռևս դոփում ենք տեղում, և դրան կարելի է բացատրություն գտնել, որովհետև անցումային շրջանում ենք: Ամբողջ աշխարհն է գտնվում անցումային շրջանում:

Մեր կուսակցությունը հասարակությանը պատրաստում է նրան, ինչը կոչվում է ՝ Հայաստանի՝ օր առաջ ելքը, Հայաստանի դուրս գալը թշնամական դաշինքներից, հակահայկական միություններից: Դա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Բավարար կլինի, երբ մենք որպես ազգային տեսլական ու նպատակ ընդունենք Հայաստանի եվրաինտեգրումը որպես պետական ուղղություն: Ես ու իմ գործընկերները պատրաստում ու սպասարկում ենք հենց այդ շարժումը: Ա՛յ դա կլինի շարժում ճիշտ ուղղությամբ: Բոլոր այլ օրակարգերն ինձ թվում են կա՛մ սխալ, կա՛մ կեղծ:

– Շարժում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, մարդկանց փողո՞ց եք հանելու:

– Փողոց ասելը չի նշանակում անպայման ապստամբություն: Բայց, օրինակ՝ մի քանի օր անց լրանում է Հայաստանի զավթման, օկուպացման 98-ամյակը, դա նոյեմբերի 29-ն է, երբ ՀՀ-ն զավթվեց սովետական Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի զորքերի կողմից: Ա՛յ այդ օրը մենք դուրս ենք գալու փողոց, ժողովրդին չենք հանում, ուղղուկի հրավիրում ենք ընդամենը քայլերթով նշել այդ ողբերգական օրը:

Մեր երթն ավարտելու ենք ՌԴ դեսպանատան մոտ, որտեղ պահանջելու ենք չեղյալ հայտարարել հակաօրինական, հանցավոր ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագիրը, ինչը կանխորոշեց Հայաստանի սահմանը՝ առանց Հայաստանի համաձայնության ու ներկայության:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am