Հ/Կ-ները ահազանգում են

Հ/Կ-ները ահազանգում են
Հ/Կ-ները ահազանգում են

Հայաստանյան հինգ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնում հանքօգտագործման մի շարք խնդիրների հետ կապված:
«Հայաստանի տնտեսական աճը եւ բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են դրվել բնական ռեսուրսների շահագործումից եւ համախառն ներքին արդյունքի աճ ապահովելու պատճառաբանությամբ անխնա կերպով շահագործվում են երկրի ընդերքի հանածոները»,- ասվում է հայտարարության մեջ: Ըստ հայտարարության, հանքարդյունահանման գործընթացներն ընթանում են վտանգելով շրջակա բնական միջավայրն ու հարակից տարածքների մարդկանց առողջությունը, ինչպես նաեւ` խոչընդոտում տուրիզմի եւ գյուղատնտեսության զարգացմանը:

«Մոտ 30 հազար ք/կմ տարածքում արդեն իսկ գործում են 465 հանքարդյունահանման լիցենզիաներ: Եվս 170 տեղամաս ուսումնասիրության փուլում է եւ համապատասխան պաշարների բացահայտման դեպքում կտրամադրվի շահագործման առանց սահմանափակման կամ հապաղման: Հանքարդյունահանող ընկերություններն աշխատում են բացարձակ արտոնյալ պայմաններում` շրջակա միջավայրն աղտոտելու դիմաց չմուծելով եւ ոչ մեկ լումա: Մինչդեռ իրավասու կառույցները նույնիսկ չեն տիրապետում երկրի 14 պոչամբարներում առկա միլիոնավոր տոննաների հասնող նյութերի պարունակության ու ազդեցության եւ հարակից տարածքների բնակչության առողջության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությանը»,- ահազանգում են ՀԿ-ները:

Ըստ նրանց, չնայած վերոնշյալին` ՀՀ իշխանությունները քայլեր են ձեռնարկում էլ ավելի խթանելու գործարար միջավայրը հանքարդյունաբերության ոլորտում, իսկ ՀԲ  աջակցությամբ մշակված ընդերքի նոր օրենսգիրքը առաջ է մղվում` բացարձակապես անտեսելով փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունները: Հայտարարության հեղինակները գտնում են, որ ՀՀ կառավարությունը չի ապահովում շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ oգտագործումը:

«Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից`ա) կասեցնել հանքարդյունահանման նպատակով լիցենզիաների տրամադրման գործընթացը մինչեւ ռացիոնալ ընդերքօգտագործման ռազմավարության մշակումը եւ հանքարդյունաբերության արագ զարգացման նպատակահարմարության գնահատումը, բ) կասեցնել ՀՀ ընդերքի նոր  օրենսգրքի ընդունման գործընթացը եւ վերանայել փաստաթուղթը` հաշվի առնելով փորձագետների եւ հասարակական կառույցների կողմից առաջարկությունները, գ) ապահովել եւ հրապարակային դարձնել հանքարդյունաբերությանն առնչվող տեղեկատվությունը, ներառյալ` պոչամբարներում թունավոր նյութերի պարունակությունը եւ հարակից բնակավայրերի բնակիչների առողջության վերաբերյալ վիճակագրությունը»,-գրել են հեղինակները:

Նրանք նաեւ կոչ են արել Համաշխարհային բանկի եւ շահագրգիռ այլ միջազգային կառույցներին ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության համար հնարավոր բացասական ազդեցություն ունեցող նախաձեռնությունների սատարումից: Հայտարարությունը ստորագրել են` Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Էդիկ Բաղդասարյան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ, Հրայր Սավզյան, «Էկոդար» բնապահպանական ՀԿ, Լեւոն Բարսեղյան, ««Ժուռնալիսների «Ասպարես» ակումբ» ՀԿ եւ Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ:

© Medialab.am