«ԵՄ-ն էներգետիկ ակնկալիքներ ունի Ադրբեջանից, և հազիվ թե Բրյուսելում հայանպաստ քայլեր կամ ճնշումներ լինեն ադրբեջանական կողմի վրա». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, օգոստոսի 31-ին Բրյուսելում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Ալիևը։ Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկելու են այն հարցերը, որոնք եղել են նախորդ հանդիպման օրակարգում: Ի՞նչ սպասել բրյուսելյան հանդիպումից։

Չեմ կարծում, թե լուրջ ակնկալիքներ պետք է ունենալ, որովհետև չնայած Բրյուսելը փորձում է անմասն չմնալ մեր տարածաշրջանում կատարվող իրադարձություններից, փորձում է իր ներկայությունն ապահովել և ակտիվացնել, բայց հազիվ թե դա ստացվի, քանի որ այն հարցերը, որոնք քննարկվում են կոնկրետ արցախյան խնդրի շուրջ, ամեն դեպքում այստեղ Ռուսաստանի դերակատարումը շատ ավելի ծանրակշիռ է, և Ռուսաստանն էլ խանդով է վերաբերվում Բրյուսելի գործունեությանը։ Դրա համար էլ չեմ կարծում, թե լուրջ համաձայնություններ հնարավոր է ձեռք բերել Բրյուսելում։

Առավել ևս, եթե անգամ նման բան տեղի ունենա, ինչը քիչ հավանական է, այստեղ էլ, կարծում եմ, մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵՄ-ն էներգետիկ ակնկալիքներ ունի Ադրբեջանից, և հազիվ թե այնտեղ հայանպաստ քայլեր կամ ճնշումներ լինեն ադրբեջանական կողմի վրա։

– Այսինքն՝ որևէ արդյունք չի սպասվո՞ւմ առաջիկա հանդիպումից։

– Ոչ, լուրջ արդյունք չի սպասվում, բայց, կարծում եմ, Բրյուսելում հանդիպման փաստը ինքնին կարելի է դրական համարել, քանի որ ամեն դեպքում մեզ համար ձեռնտու է, որ խնդիրը միայն Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա կամ 3+3 ֆորմատի մեջ չլինի, այլ լինի նաև այլընտրանքային հարթակ, որովհետև Բրյուսելը և ընդհանրապես «հավաքական Արևմուտք» կոչվածը համարում են, որ, այնուամենայնիվ, արցախյան խնդիրը դեռևս կարգավորված չէ, և գոյություն ունի կարգավիճակի խնդիր, թեև Ադրբեջանը հակառակն է պնդում։ Այսինքն՝ այս առումով հայկական դիվանագիտությունը կարող է փորձել ի նպաստ մեզ օգտագործել այդ այլընտրանքային հարթակը։

Հնարավոր է լինի բանակցությունների մեկնարկ կամ առանձին կետի շուրջ համաձայնություն, ամեն դեպքում նման հանդիպումները առանց հստակ օրակարգի և առանց որևէ ակնկալիքի չեն արվում, բայց սպասել, որ այնտեղ լուրջ ճեղքում է լինելու, չեմ կարծում։

Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ: Փաստորեն Բրյուսել այցից առաջ Հայաստանը Ռուսաստանին ցույց է տալիս նեղսրտած լինե՞լը։

– Խնդիրն այն չէ, թե նեղսրտած լինելն արդարացված է, թե ոչ, այլ այն, թե արժի՞ արդյոք դա բարձրաձայնել, թե՞ ոչ, և այդ բարձրաձայնումն ավելի շատ օգո՞ւտ կտա, թե՞ վնաս։ Ամեն դեպքում մենք գիտենք, որ դիվանագետին լեզուն տրված է մտքերը թաքցնելու և ոչ թե բարձրաձայն ասելու։ Ես կարծում եմ, որ այս պահին դա նպատակահարմար չէր, որովհետև դժգոհությունը բարձրաձայնել արժի միայն այն դեպքում, երբ դու ունես հակաքայլեր, իսկ եթե չունես հակաքայլեր, հակառակը՝ դիմացինին հնարավորություն ես տալիս ինչ-որ քայլեր անել քո շահերի դեմ և ներկայացնել այնպես, թե իբր մեղավորը դու ես։

Ինչպես Ռուսաստանը կարող է այս դեպքում ոչ հայանպաստ քայլ անել և նախօրոք քարոզչական հող նախապատրաստել՝ ցույց տալու, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, և, ըստ էության, մեղավոր է հայկական կողմը, ինչը մենք տեսնում ենք և ոչ առաջին անգամ։

– Իսկ ի՞նչ ուղերձ ուներ Փաշինյանի ելույթը։

– Այստեղ որևէ նորություն չկա։ Իհարկե, դա այդպես է, բայց դա միայն Ռուսաստանին չի վերաբերում, այլ բոլորին։ Բրյուսելն էլ, ԵՄ-ն էլ, ԱՄՆ-ն էլ դաշնակցում են ոչ միայն մեզ հետ, այլ նաև Ադրբեջանի հետ, ընդ որում՝ նրանք մեր տարածաշրջանում աշխատում են ոչ թե մեր շահերի, այլ իրենց շահերի օգտին։ Այսինքն՝ բոլոր ուժային բևեռներն էլ փորձելու են մեր տարածաշրջանում ստեղծված նոր ստատուս քվոյից իրենց համար առավելագույն օգուտներ քաղել, և պետք չէ ակնկալիքներ ունենալ, որ որևէ մեկը գալու է այստեղ պաշտպանելու մեր շահերը, նրանք բոլորը գալու են պաշտպանելու իրենց շահերը։ Եվ մեր խնդիրն է հասկանալ՝ մեր և նրանց շահերի համադրման կետեր կա՞ն, թե՞ ոչ և փորձել օգտվել դրանից։

– Հայ-ռուսական հարաբերությունները արդյոք ճգնաժամ չե՞ն ապրում։

– Հայ-ռուսական հարաբերությունները վաղուց էին ճգնաժամ ապրում, բայց դա մեզնից չի կախված։ Դա կախված է Ռուսաստանի արտաքին քաղաքական նպատակահարմարություններից։ Այսօր, երբ Ռուսաստանը հստակ առճակատման մեջ է Արևմուտքի հետ, և Ռուսաստանի համար չափազանց կարևոր է Թուրքիան, այդ իսկ պատճառով մեր տարածաշրջանում Ռուսաստանը պատրաստ է լինելու համագործակցել թուրքերի հետ, ցավոք՝ ի վնաս մեր շահերի։ Եվ չպետք է նեղանալ, ամեն գերտերություն աշխատում է հօգուտ իր շահերի, և դա միանգամայն հասկանալի է։

– Պարո՛ն Բաղդասարյան, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանն անկեղծ չէ կարգավորման գործընթացում, իսկ իրենք խաղաղության կողմնակից են: Փակուղո՞ւմ է հայտնվում գործընթացը։

Ոչ թե Հայաստանն անկեղծ չէ, այլ Թուրքիայի պահանջների նշաձողն է բավականին բարձր։ Երկրորդ՝ նախկինում էլ նշել եմ, որ պետք չէ շատ լավատես լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, նախ՝ որովհետև Թուրքիան դրա դիմաց չափազանց շատ բան է պահանջում, և երկրորդ՝ Ռուսաստանին երկարատև հեռանկարի առումով ձեռնտու չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Եվ չպետք է լուրջ ակնկալիք ունենալ, որ տեսանելի ապագայում հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն։

Մանե Հարությունյան

MediaLab.am