Լատվիայի ոստիկանությունը հատուկ նշանակության գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման

Լատվիայի Պետական ոստիկանությունը հատուկ նշանակության մեկ գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման, որտեղ վերջին օրերին անօրինական ներգաղթյալների մեծ հոսք է նկատվում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով լատվիական ոստիկանության հաղորդագրությանը:

«Հաշվի առնելով արտակարգ իրավիճակը լատվիա-բելառուսական սահմանին՝ Պետական ոստիկանությունը աջակցություն կցուցաբերի Պետական սահմանապահ ծառայությանը սահմանի անօրինական խախտումները կանխելու գործում և այդ նպատակով մոբիլիզացրել է ինչպես իր մարդկային, այնպես էլ նյութա-տեխնիկական ռեսուրսները:

Պետական ոստիկանությունը չորս շաբաթով սահման է ուղարկել հատուկ նշանակության գումարտակի 71 աշխատակից Լատվիայի բոլոր շրջաններից՝ բացի Ռիգայի շրջանը», – ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը նշում է, որ Լատվիան Լիտվայից հետո բախվել է Բելառուսի տարածքից եկող անօրինական ներգաղթյալների խնդրին: Օգոստոսի 6-10-ը Լատվիայի սահմանապահները բերման են ենթարկել 295 հոգու:

Լատվիայի կառավարությունը մինչև նոյեմբերի 10-ը արտակարգ իրավիճակ է հայտարարել Բելառուսի հետ սահմանին՝ սահմանապահներին լիազորելով հետ ուղարկել ներգաղթյալներին Բելառուս: