Գևորգ Կոստանյանը, այո՛, կարող է ազատ շրջել, բայց պետք է զգույշ լինի. Արա Ղազարյան

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությունը և հրապարակած փաստաթղթերը, որ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ Ինտերպոլը, հրաժարվել է միջազգային հետախուզում սկսել Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ, քանի որ այն քաղաքական հետապնդում է համարել, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։

Հայաստանի գլխավոր դատախազությունը մարտի 16-ին շտապեց հայտարարություն տարածել՝ պնդելով, որ Ինտերպոլը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլև չի ստուգում մանրամասները։ 

Ավելին, ըստ Գլխավոր դատախազության, կազմակերպությունը համագործակցության շրջանակներում ընդունված առանձին որոշումները, դրանց օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող, մեղադրանքը հիմնավոր կամ անհիմն, քաղաքական կամ այլ կերպ անհիմն որակող մարմին չէ։

Իրավաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր ներկայացրած փաստաբան Արա Ղազարյանը սակայն հակադարձում է.

«Ինտերպոլն ունի իր կանոնադրությունը, որի 3-րդ հոդվածի համաձայն՝ Ինտերպոլի կառուցակարգը չի կարող խրախուսվել խտրական հիմքերով քրեական հետապնդում իրականացնելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Ղազարյանը:

Ավելին, նա վկայակոչում է իր վարույթում եղած գործերից մեկը, որով անցնող իր վստահորդի վերաբերյալ Ինտերպոլը դադարեցրել է միջազգային հետախուզումը՝ դրա խտրական դրդապատճառներ ունենալու հիմքով:

«Ինձ տեղեկացվեց, որ Ինտերպոլը ծանուցել է իր բոլոր անդամ պետությունների ազգային գրասենյակներին՝ հանել իմ վստահորդի անունը միջազգային հետախուզման իրենց ցանցերից։ Ու այդ ամենը, անկախ քրեական հետապնդման ազգային հիմքերից։ Այդ ամենից հետո իմ վստահորդը կարողացավ հանգիստ լքել Հայաստանի Հանրապետությունը»,- նշում է փաստաբանը: 

Նրա խոսքով՝ ըստ ամենայնի, Ինտերպոլը գնահատել է գործը, համեմատել է իր կանոնադրությամբ սահմանված պահանջների հետ և որոշել, որ խտրական դրսևորումներ կան հետախուզման համար: 

«Այո՛, Ինտերպոլն իրավունք ունի գնահատելու, քանի որ հետապնդում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակները: Իսկ այդ կառույցի նպատակը ոչ թե մեղքը հաստատել-չհաստատելն է, այլ համոզվելը՝ արդյոք քրեական հետապնդումը ունի՞ խտրական հիմքեր, թե՞ ոչ»,- ընդգծում է Արա Ղազարյանը:

Հարցին՝ արդյոք դրա հիման վրա կարո՞ղ է դադարեցնել քրեական հետախուզումը, Ղազարյանը արձագանքում է.

«Այո, իհարկե: Ես կոնկրետ օրինակ ձեզ ասացի: Խնդիրը պարզ է՝ այդ կառույցը առաջնորդվում է իր կանոնադրությամբ, որպեսզի ավտորիտար պետությունները, որոնք հաճախ հետապնդում են իրականացնում խտրական հիմքերով, իրենց կառուցակարգն ու մեխանիզմները չչարաշահեն»:

Անդրադառնալով դատախազության պարզաբանմանը, թե Ինտերպոլի որոշումը կապ չունի Գևորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքի հետ, իրավաբանը նշում է. 

«Այո՛, դա այդպես է, իսկապես կապ չունի, բայց՝ առաջին հայացքից, իսկ անուղղակիորեն շատ լավ կապ ունի: Այսինքն՝ եթե միակ մեխանիզմը այդ անձին հետախուզելը, հայտնաբերելն ու դատարանի առաջ կանգնեցնելն է, դա, փաստորեն չի աշխատում: Ավելի պարզ ասեմ՝ եթե միջազգային մարմինը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման հիմքերը, արդեն պարզ է, որ ամբողջ մեղադրանքը կասկածելի է, որովհետև, այո՛, կարող է բոլոր ընթացակարգերն ապահովված են, բայց իրականում քողարկված քաղաքական օրակարգ կա քրեական հետապնդման մեջ»:

Մասնագետի խոսքով՝ եթե քողարկված քաղաքական օրակարգ կա քրեական հետապնդման մեջ, ապա դա մարդու հիմնարար իրավունքների խախտում է համարվում:

Հարցին, թե արդյոք նման որոշումը կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որ Հայաստանի իրավապահ համակարգը դադարեցնի Կոստանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, Ղազարյանը արձագանքում է. «Այո՛, իհարկե: Եթե կան խտրական հիմքեր, առաջինը դատախազությունը պետք է արձագանքի՝ փոխելով քննության ընթացքը, մարտավարությունը, առանձին հետաքննություն պետք է իրականացվի՝ պարզելու, թե արդյոք քաղաքական հիմքեր կա՞ն քրեական հետապնդման համար, թե՞ ոչ»:

Դիտարկմանը, թե Գլխավոր դատախազությունն իր պարզաբանման մեջ վկայակոչում է Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների որոշումները, որոնց համաձայն Կոստանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, Արա Ղազարյանն ասում է, թե դրանք ընդամենը միջանկյալ ակտեր են և ոչ թե վերջնական օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: «Այո՛, դատական ակտերը պետք է հարգել, բայց դրանք միջանկյալ դատական ակտեր են, և դրանցով մարդու մեղավորությունը չի հաստատվում»,- նշում է Ղազարյանը:

Գևորգ Կոստանյանը, ըստ մասնագետի, հանգիստ կարող է շրջագայել Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս: «Այո՛, նա կարող է ազատ շրջել, բայց պետք է զգույշ լինի, որովհետև ես ունեցել եմ մի գործ, երբ անձը ճանապարհորդել է, բայց, պարզվում է՝ կան երկրներ, որոնց միջև կա նաև երկկողմանի հետախուզում, և անձը ձերբակալվել է: Սակայն որոշ ընթացակարգերից, պարզաբանումներից հետո ազատ է արձակվել: Նման կազուսներ լինում են»,- ներկայացնում է մասնագետը:

Ինտերպոլի նման որոշումը, Արա Ղազարյանի կարծիքով, ստվեր է նետում Հայաստանի իրավապահ համակարգի կողմից հարուցված այդ քրեական գործի վրա: 

«Դա պետք է ազդանշան լինի Գլխավոր դատախազության համար, որպեսզի աչալրջորեն վերաբերվեն այս գործին ու փորձեն պարզել՝ արդյոք իսկապե՞ս խտրական վերաբերմունք կա այս գործում: Այսինքն՝ դատախազությունը պետք է ցուցում տա քննիչին, որպեսզի նաև այդ ուղղությամբ քննություն կատարվի: Դատախազությունը շատ արագ հակազդելու փոխարեն պետք է այդ գործով զբաղվեր»,- ասում է նա:

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, հիշեցնենք, անցնում է «Մարտի 1»-ի գործով և որպես մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու հոդվածներով։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am