Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիքի հանձնեց բնակարանների գնման վկայականներ

Հեղինակ MediaLab

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բնակարան գնելու հավաստագրեր է հանձնել Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 20 ընտանիքի։

Ողջունելով ներկաներին ՏԿԵ նախարարությունում՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է քաղաքացիներին երկար սպասված սեփական բնակարան ունենալու հնարավորություն ստանալու կապակցությամբ և ազդարարել 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդրի հանգուցալուծման մեկնարկը։ 

«ՏԿԵ նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի անմիջական հորդորով և նախաձեռնությամբ 2019 թվականին Կառավարությանը ներկայացրինք ադրբեջանից բռնագաղթած 112 անօթեևան ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու մեր՝ 1,5 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրը, որը հավանության արժանացավ։

Մենք առաջնահերթությունը տվեցինք այն ընտանիքներին, որոնք գտնվում էին իրական վտանգի տակ՝ կարող էին կորցնել անգամ ժամանակավոր կացարանները և մնալ առանց տանիքի»,- նշել է նախարարը և հավելել, որ 2020 թվականի բյուջեով արդեն իսկ նախատեսված է 2,1 մլրդ դրամ տրամադրել ևս 185 շահառուների խնդրի լուծման նպատակով։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ներկաներին ծանոթացնելով ծրագրի մանրամասներին, խոսել է քաղաքացիների առաջարկված ևս մեկ նորամուծության մասին․ «Քաղաքացիները ցանկության և անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել տրամադրված գումարը՝ որպես հիափոթեքի կանխավճար։ Բնականաբար սա պարտադրանք չէ, այլ ընտրություն»։

Մեկ սենյականոց բնակարան գնելու համար քաղաքացիներին տրամադրվել է 12 միլին դրամ, 2 և 3 սենյականոց բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրված գումարի չափը կազմում է համապատասխանաբար 14,6 և 17,3 միլիոն դրամ․ «Կադաստրի պետական կոմիտեն հաշվարկել և մեզ է ներկայացրել 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում գրանցված առուվաճառքների միջինացված գումարը, որը հիմք ընդունելով էլ մենք հավաստագրերի համար սահմանել ենք այս թվերը»,- նշել է Ղազարյանը։ Քաղաքացիները բնակարաններ կարող են ձեռք բերել հավաստագիրը ստանալուց հետո մեկ տարի ժամկետում։

Նախարար Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ շնորհավորել է կարևոր խնդրի լուծմանը հասած ընտանիքներին՝ մաղթելով նրանց բարեկեցություն և հայտնել, որ 2020 թվականին շարունակելու են աջակցել Ադրբեջանից բռնագաղթած հայերին, իսկ արդեն հաջորդ տարի վերջնականապես լուծվելու են Երևան քաղաքի բոլոր շահառուների բնակարանային խնդիրները։

ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարությունից: