Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի վերաքննիչ դատարանում բողոքարկել է իր ապօրինի դատավճիռը. Factor

Լաչինի միջանցքից առևանգված և Բաքվի դատարանի կողմից շինծու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։ Նա ասել է, որ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Խաչատրյանին տեսել եմ նոյեմբերի 24-ին։ Նա առողջական խնդիրներ չունի, ես նրան բացատրել եմ իր բոլոր իրավունքները»,- հավելել է փաստաբանը։ Հավելենք, որ նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Չնայած իր դեմ ճնշումներին՝ Խաչատրյանը դատական նիստերում պարբերաբար հայտարարում էր, որ որևէ հանցանք չի գործել և իրեն մեղավոր չի ճանաչում։

Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետից։ Այնուհետև Բաքուն նրան «զանգվածային սպանությունների» շինծու մեղադրանքներ է առաջադրել։