Պետություն-ՍՁ ոլորտ համագործակցությունը նոր թափ է ստանում

Պետություն-ՍՁ ոլորտ համագործակցությունը նոր թափ է ստանում
Պետություն-ՍՁ ոլորտ համագործակցությունը նոր թափ է ստանում

Ապրիլի 26-ը Երևանում Սոցիալական ձեռնարկատիրության օր էր․ «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողովն ու ցուցահանդեսը առաջին անգամ մի հարկի տակ էին հավաքել Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 50 սոցիալական ձեռնարկատերերի և 150 դերակատարների։

«Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» (ՀՍՁԱ),  «ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ձեռներեցության զարգացման կենտրոնի համատեղ միջոցառման պաշտոնական բացումից հետո համաժողովի աշխատանքները շարունակվեցին առանձին պանելային քննարկումների ֆորմատով։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց որ ՍՁ-ն հրաշալի կամուրջ է ՔՀԿ-ի և մասնավոր սեկտորի միջև։ Վերջինս հավաստիացրեց՝ ԵՄ-ն հետևում է վերջին տարիներին Հայաստանում ՍՁ ոլորտի զարգացմանը և կանգնած է ոլորտը խթանող ծրագրերի կողքին։

Միջոցառման շրջանակում քննարկվեցին ՍՁ ոլորտի էկոհամակարգի հիմնական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, ոլորտի իրավական կարգավորումներին և կրթական կարիքներին առնչվող հարցեր։ Քննարկմանը որպես բանախոս ներգրավված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, փոխնախարարներ, ՀԿ ոլորտի և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր խոսքում նշեց․ «Պետք է անկեղծ լինեմ՝ դաշտը շատ լավ չեմ ճանաչում ու այստեղ եմ նախ և առաջ լսելու համար։ Սակայն ուզում եմ իմ պատրաստակամությունը հայտնել ամեն կերպ աջակցելու ոլորտի զարգացման մեր մասով ու դրա համար կարող ենք  օգտագործել ինչպես արդեն իսկ առկա ձևաչափերը, այնպես էլ մշակել համագործակցության նոր ֆորմատներ»։

Հայաստանի սոցիալական ձեռնարկատիրությունների ասոցիացիայի և Գործարարության աջակցման գրասենյակի համատեղ մշակած ՍՁ ոլորտի հայեցակարգն այս պահին ակտիվ քննարկվում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը իր ելույթում նշեց,  որ ՍՁ-ն Հայաստանի նման երկրներում կարող է հրաշալի գործընկեր դառնալ պետության համար՝ հատկապես սոցիալական խնդիրների լուծման գործում։ «Վստահ եմ՝ հայեցակարգի ընդունումը ոչ միայն կօգնի հստակեցնել դաշտի դերակատարներին, այլև խթանել ձեռնարկատիրական նոր մշակույթը, որ բերում են իրենց հետ սոցիալական ձեռնարկատերերը»,- ասաց Գ․ Գասպարյանը։

ՍՁ էկոհամակարգի քննարկման ընթացքում կարևորվեց հատկապես համայնք-մասնավոր համագործակցությունը, որի շրջանակներում արձանագրվեց մի շատ կարևոր ձեռքբերում։ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում հաջողված ՍՁ ունենալն առիթ է հանդիսացել վերանայելու համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրը, որտեղ առանձին դրույթներ են սահմանվել նաև սոցիալական ձեռնարկատիրության զարգացման վերաբերյալ։ «Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանն իր խոսքում նշեց. «Տեղական իշխանությունների ու սոցիալական ձեռնարկատերերի գործունեությունները խաչվում են այն կետում, որտեղ երկուսի համար էլ առաջնային է լուծել սոցիալական խնդիրները։ ՍՁ-ն սահմանելիս պետք է սկսել հենց այս ելակետից»։

ՍՁ համաժողովի շրջանակում քննարկվեցին նաև ոլորտի կրթական բաղադրիչները։ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրեց դպրոցներում և բուհերում արդեն իսկ օգտագործվող բաղադրիչները։ Բուհերի դասախոսներ և ոչ ֆորմալ կրթությունը ներկայացնող դասընթացավարները խոսեցին այս ոլորտում ֆորմալ և ոչ ֆորմալ բաղադրիչների համատեղ կիրառության մասին, ներկայացրին խնդիրների լուման իրենց տարբերակները։

Համաժողովին զուգընթաց ԵՊՀ նախասրահում անցկացվում էր սոցիալական ձեռնարկությունների համապետական ցուցահանդես-վաճառք։ Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 5 տասնյակ սոցիալական ձեռնարկատերեր ներկայացնում էին իրենց արտադրանքն ու ծառայությունները։

Այս ձեռնարկատիրությունները ոչ միայն մի քանի տասնյակ նոր աշխատատեղ են ստեղծել, այլև իրենց եկամտի առնվազն 50%-ն ուղղում են իրենց համայնքի խնդիրների լուծմանը՝ ապաստան անօթևան երեխաներին, մասնագիտական կրթության ապահովում, էկոհամակարգի պահպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածություն և այլն։

Կազմակերպիչներն առաջիկայում կամփոփեն քննարկման ընթացքում հնչած բոլոր դիտարկումները, իսկ ավելի ուշ առանձին փորձագիտական խմբերով կշարունակվեն աշխատանքային հանդիպումները՝ ամբողջացնելու ՍՁ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:

***

Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը:

Լրացուցիչ հարցերի դեպքում՝ Մանե Մադոյան 094 700 974

Լուսինե Մանուկյան 091909805