«Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները». Արթուր Բաղդասարյան

«Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները». Արթուր Բաղդասարյան
«Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները». Արթուր Բաղդասարյան

Կուսակցական համագումարի ընթացքում ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին։ ՕԵԿ նոր նախագահ է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը։ Ստորեւ ներկայացնում ենք Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը։

«Սիրելի ժողովուրդ, հարգելի  պատվիրակներ,

Ես ցանկանում եմ հայտարարել, որ հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին հայցել բոլորի ներողամտությունը իմ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սխալների ու թերությունների համար, շնորհակալություն հայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժևորողներին: Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցներին իմ գործունեությունը լուսաբանելու համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գաղափարակից ընկերներին և թիմակիցներին ու մեր ողջ ժողովրդին:  

Զբաղվելով հանրային գործունեությամբ՝ կփորձեմ իմ հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Ակտիվ քաղաքականություն կվերադառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին»: