Կյանքի հետ պայքարը տանուլ տվող պետությունը

Կյանքի հետ պայքարը տանուլ տվող պետությունը
Կյանքի հետ պայքարը տանուլ տվող պետությունը

Նոյեմբերի 27-ին լրահոսում եւ սոցցանցերում տեղ էին գտել միանգամից երկու տեղեկություն, որոնք պատմում էին հիվանդ երեխաների մասին: Նրանց ծնողները օգնություն էին խնդրում, որովհետեւ երեխաներին առողջություն եւ կյանք տալու համար պահանջվում են թանկարժեք վիրահատություններ: Ծնողները չունեն դրա հնարավորությունը, նրանք խնդրում են հանրությանը:

Նույն օրվա լրահոսում տեղ էին գտել եւս երկու տեղեկություն: Մեկն այն մասին էր, թե ինչպես են ԱԺ նախագահը, կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն ու Հրանտ Վարդանյանը «հաց կերել» Դոլմամա ռեստորանում, իրենց մեքենաների համար տեղահանելով այլ մեքենաներ եւ գրեթե փակելով փողոցը: Մյուսն այն մասին էր, թե ինչպես է Երեւանի քաղաքապետարանը 300 հազար գլուխ սոխուկ բերել՝ Հոլանդիայից, կակաչի սոխուկ, որ տնկի Երեւանում հաջորդ գարնանը, որ երեւի թե Տարոն Մարգարյանի PR լինի մայիսին կայանալիք քաղաքապետի ընտրության համար:

Հայտնի չէ, թե քաղաքապետարանն ինչքան է վճարել 300 հազար գլուխ հոլանդական սոխուկի համար: Փոխարենը հայտնի է, որ օրինակ նույն քաղաքապետարանը հատը 1 միլիոն 200 հազարով մոտ 100-ի չափ դալան է ներկել ու պատրաստվում ներկել, կամ 99 միլիոն դրամի նստարան է շաղ տվել Երեւանում, 19 միլիոն դրամի դրոշակ է կախել՝ հատը 265 հազար դրամ արժողության, նաեւ այլ կանաչապատ արհեստական ու հսկա թիթեռներ, գորտեր ու ֆլորայի եւ ֆաունայի այլ ներկայացուցիչներ տեղադրել տարբեր մասերում, ծախսելով երեւի թե էլի միլիոններ: Տասնյակ, իսկ գուցե նաեւ հարյուրից ավելի միլիոններ կծախսվեն Երեւանը Նոր Տարվա համար զարդարելու վրա՝ ասենք ամեն մի լամպը հաշվելով գուցե մի քանի հազար դրամ:

Երբ պետության մեջ կա կյանքի հետ կռիվ տվող եւ այդ կռիվը փողի պատճառով տանուլ տվող թեկուզ մեկ մանուկ, ու կա միաժամանակ միլիոնները «դիմափոշու» նման Երեւանի փոքր կենտրոնում շաղ տվող քաղաքապետարան, դա այդ պետության, ու նաեւ այդ իրավիճակը հանդուրժող հասարակության վերջի սկիզբն է: Դա նշանակում է, որ կյանքի հետ կռիվը տանուլ է տալիս այդ պետությունն ու հասարակությունը: Կարդալ ավելին