«Արցախի գրավյալ տարածքներում տարվող շինաշխատանքները ցուցադրական ու արտաքին աշխարհին համոզելու նպատակ ունեն». ադրբեջանագետ

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը 

– Պարո՛ն Դավթյան, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները երեկ մասնակցում էին Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը, որը 44-օրյա պատերազմից հետո կառուցվել է շատ կարճ ժամանակում՝ 8 ամիս: Ի՞նչ տրամադրություններ են ընդհանուր առմամբ Ադրբեջանում, ի՞նչ է գրում ադրբեջանական մամուլը:

– Երբ Էրդողանը հայտարարեց, թե Ղարաբաղում ստեղծվելիք ցամաքային ու երկաթուղային հաղորդակցությունները տնտեսական և առևտրային նոր հնարավորություններ կբացեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ շեշտելով, որ կգա օրը, երբ իրենք կկարողանան Զանգեզուրից մեկնել Ստամբուլ, արագորեն ու ջանասիրաբար տարածվեց: Ընդհանրապես, Էրդողանի ու Ալիևի ցանկացած հայտարարություն, որը կապված է Հայաստանի ու Հայաստանի իշխանության հետ, ջանասիրաբար քարոզում են, հատկապես առանձնացնում են հատվածները, որոնք ավելի հնչեղ են: Էրդողանի երեկվա հայտարարությունն ինչ-որ ձևով իրենց հուսադրող հայտարարությունն էր՝ մեր կողմից բերված այն հակափաստարկների մասով, որ միջանցք չի լինելու, լինելու է ճանապարհ: Բնականաբար այս հայտարարությամբ թուրքական կողմը հաստատեց այն մաքսիմումը, որը ցանկանում են ունենալ: 

Թուրքիայի նախագահն իր արտաքին շահը սպասարկելու համար փորձում է հայտարարություններում, Պուտինի հետ առանձին հեռախոսազրույցներում ընդգծել, որ Թուրքիան իր ազդեցության տակ է պահում Լեռնային Ղարաբաղի տարածքների մասով՝ հօգուտ Ադրբեջանի որևէ լուծում: Երեկվա դեպքը կրկին ապացույց էր այն բանի, որ Էրդողանը իր փոքր եղբոր թիկունքին կանգնած է ու հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու է նրան:

Իրականում դժվար է ասել, թե կուլիսների հետևում ինչ է բանակցվում, որովհետև այս փուլում տեղեկատվությունը փակ է, ու հստակ չէ՝ միջա՞նցք է լինելու, թե՞ ճանապարհ: Թեև այս իշխանությունը կապիտուլյացիա է ստորագրել, այնուամենայնիվ հուսով եմ, որ միջանցք չեն տրամադրի, բայց չեմ էլ կարող պնդել, որ մեր իշխանությունը ձգտում է ավելի շատ ծառայել հայկական շահին, քան՝ թուրքական: 

– Ադրբեջանական մամուլում և՞ս խոսվում է նոյեմբերի 9-ին սպասվող նոր փաստաթղթի ստորագրման մասին:

– Իրականում նրանք մեզ են հղում տալիս՝ նշելով, որ հայկական կողմից այսպիսի ինֆորմացիա կա, բայց հստակ, թե ի՛նչ բովանդակությամբ փաստաթուղթ է, ի՛նչ ակնկալիքներ ունեն, չկա՝ մեզ հղում տալով են սահմանափակվում:

Ես ենթադրում եմ, որ, այնուամենայնիվ, որևէ փաստաթուղթ կստորագրվի, երբ լինի պաշտոնական հանդիպումը ռուսական կողմի հետ, որովհետև ամբողջ տարվա կտրվածքով եղել են հանդիպումներ՝ Փաշինյան-Պուտին, Ալիև-Պուտին, փոխվարչապետների մակարդակով են եղել հանդիպումներ, ու ենթադրում եմ, որ տարին պետք է ամփոփեն որևէ արձանագրմամբ: Իսկ թե ի՛նչ հարցեր կլինեն այդ փաստաթղթում, կրկնում եմ՝ դժվար է այժմ ասել, բայց գոնե այն օկուպացված տարածքների՝ Սև լճի, Վերին Շորժայի, Գորիս-Կապան ճանապարհի մասով որոշակի թղթային ամրագրում կլինի՝ հօգուտ Ադրբեջանի:

– Պարո՛ն Դավթյան, փաստորեն, ադրբեջանա-թուրքական կողմը շարունակում է պնդել, որ իրենք Հայաստանից միջա՞նցք են ստանալու:

– Այո՛, որովհետև դա իրենց վաղեմի ցանկությունն է, իսկ պատերազմից հետո դրան հասնելու հնարավորություն են ստացել: Մեր խնդիրը պետք է լինի նրանց այդ ցանկությանը դեմ կանգնել ու գոնե ճանապարհ տրամադրել, որը կլինի հայկական կողմի վերահսկողության տակ: Բայց թուրքական կողմի այս ագրեսիվ վարքագիծը, պահանջատիրական տեսանկյունից նկատի ունեմ, վկայում է այն մասին, որ իրենք այդ ցանկությունը ինչ-որ ձևով փորձում են խեղճ վիճակում գտնվող Հայաստանից կորզել: 

– Պարո՛ն Դավթյան, հետաքրքիր է, Ադրբեջանը այսպիսի ակտիվ շինաշխատանքներ իր բուն տարածքում և՞ս իրականացնում է, ինչպես Արցախի գրավյալ տարածքներում, թե՞ այդ տարածքներում հատուկ նպատակով է դա արվում:

– Ինձ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանն այս ամենն անում է ցուցադրության համար: Եթե, օրինակ՝ Բաքվի կենտրոնից 5 կմ շառավղով խորանաք այլ բնակավայրեր, ապա այնտեղ անգամ ասֆալտապատ ճանապարհ չեք գտնի, ու ահավոր վատ բնակեցված տարածքներ են: 

Ու այս ճանապարհների հիմնանորոգումը, էլեկտրակայանների տեղադրումը, որը հայկական կողմի աչքին ավելի լավ է երևում, արվում է ցուցադրական նպատակով: Հայերին ցույց են տալիս, թե Ադրբեջանը հարուստ երկիր է, և եթե իրենց հետ «եղբայրություն» անենք, ավելի մեծ տնտեսական աճ կունենանք, քան հիմա ունենք: 

Նույն Հադրութի ավերածությունները ինչպես կան, այնպես էլ մնացել են, այսինքն՝ Ադրբեջանը ոչ թե ձգտում է իրականում վերակառուցել քաղաքները, այլ զուտ ցուցադրական նպատակով են անում, թե իրենք «ազատագրել» են այդ տարածքները և հիմա բարեկարգում են, բնակեցնելու են: Նաև արտաքին աշխարհին համոզելու խնդիր կա, որ իրենց սանձազերծած ռազմական գործողություններն արդարացնեն: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am