«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր, Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը
– Պարո՛ն Աղազարյան, ԱԺ ութերորդ գումարման 11-րդ նստաշրջանն ավարտվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս խորհրդարանի աշխատանքը գնահատեց «պատմական»: Դուք ինչպե՞ս կգնահատեք այս խորհրդարանի աշխատանքների արդյունավետությունը, որին մասնակցում էիք նաև դուք:
– Ընդունված օրենքները, ռեֆորմները՝ բոլորն էլ այս կամ այն կերպ պատմական են դառնում՝ մնալով պատմության մեջ իրենց նշանակությամբ: Ես, իհարկե, Ալեն Սիմոնյանի նման չեմ գնահատի, բայց խորհրդարանի աշխատանքները գնահատում եմ նորմալ: Որոշ դեպքերում, իհարկե, կար շտապողականություն, մասնավորապես առողջապահության ոլորտում համընդհանուր ապահովագրության հարցում, որովհետև կազմակերպչական շատ հարցերում կար շտապողականություն:
Ես և իմ շատ գործընկերներ դեմ էինք, որ լիներ միայն պետական հիմնադրամ, մենք առաջարկում էինք, որ համընդհանուր ապահովագրության կոնտեքստում լիներ նաև մասնավոր ապահովագրական ընկերություն: Ես ավելի քան համոզված եմ, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում պետք է վերադառնալ այդ տարբերակին, որովհետև այս տարբերակը մեր մենթալիտետի համար աշխատող տարբերակ չէ:
Ցավոք սրտի, կային նաև բացասական դրսևորումներ. մենք բոլորս համերաշխորեն մեր պետությունը վերածել ենք տոտալիտար կառավարում ունեցող համակարգի, որը լուրջ վտանգներ է պարունակում, ինչպես յուրաքանչյուր տոտալիտար համակարգ:
-Ինչի՞ հիման վրա եք ասում, որ Հայաստանում տոտալիտար կառավարում է հաստատվել, երբ իշխանությունը շարունակում է պնդել, որ մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում, որտեղ կա խոսքի ազատություն և այլ հիմնարար իրավունքներ։
– Գիտեք ինչ կա, ժամանակները փոխվում են, փոխվում են նաև մեթոդները, ճնշումների ձևերը ևս դառնում են ժամանակակից, ու ամեն բան արդեն նոր ձևերով է արվում: Օրինակ՝ ընտրությունները ինձ համար տոտալ կեղծված են, միակ դեպքն է պատմության մեջ, որ և՛ ընդդիմությունն է ասում, որ ընտրությունները կեղծված են, և՛՝ իշխանությունը: Նաև կոնկրետ մանդատներ են գողանում:
Նիկոլ Փաշինյանը հիմա կարող է ասել, որ մեր ընտրական համակարգը լավն է, որովհետև 90-ականներին քվեատուփերը գողանում էին, լցոնում ուրիշ քվեաթերթիկներով ու հետ բերում: Հասկացանք, էն ժամանակ էլ այդ տեխնոլոգիան էր, հիմա էլ՝ ժամը 12-ին նայում ես թվերին, ժամը 2-ին հրատապ ասուլիս ես տալիս ու Վահագն Հովակիմյանին հրահանգ ես տալիս, որ տարբերակներ մտածի՝ քո ուզած արդյունքն ապահովելու համար: Նա էլ տարբերակը գտավ, երեք ընտրական տեղամասի արդյունքները անվավեր համարելով՝ փորձում է ազդել արդյունքների վրա:
Հետևաբար, պետք չէ առաջվա հետ համեմատություններ անելով ասել, թե այսօր ամեն բան կարգին է: Այսօր, ընդհանրապես Ալեն Սիմոնյանի դուրս գալուց հետո էլ, ՔՊ-ում Նիկոլն է, հետո վակուում է, հետո բոլոր մյուսները, որևէ մեկը չի կարող ինքնուրույն կարծիք ասել, տարբերվող կարծիք ունենալ:
– Պարո՛ն Աղազարյան, Ալեն Սիմոնյանը գնաց, որովհետև ուներ ինքնուրույն կարծի՞ք:
– Նաև, այո՛, անկախ ամեն ինչից պետք է գնահատենք, որ ինքը տարբերվում էր, իր վրա հարվածներ էր վերցնում, թիմի առաջին գծում էր: Դե ես, որ մեջն եմ եղել, ճանաչում եմ այդ իմաստով:
– Ալեն Սիմոնյանը ինչու՞ գնաց:
– Նիկոլ Փաշինյանը ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ լիներ սա, այսինքն՝ դա Փաշինյանի որոշումն էր:
– Նոր գումարման խորհրդարանը, եթե իհարկե ընդդիմությունը վերցնի մանդատներն ու գնա ԱԺ, ինչպիսի՞ն է լինելու:
– Եթե «Բարգավաճ Հայաստանին» իր մանդատները չտրվեն, ու նա չմտնի խորհրդարան, նշանակում է, որ մի մանդատը գնալու է «Հայաստան» դաշինքին, մեկը՝ «Ուժեղ Հայաստանին», երեքն էլ՝ ՔՊ-ին, հետևաբար ստացվում է, որ այդ երեք ուժը գողանում է ընդդիմության մանդատները: Եթե «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարան չի մտնում, իրենք են վերցնում մանդատները, ստացվելու է, որ իրենք կամա-ակամա նպաստելու են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը:
– Սահմանադրական դատարանն ի՞նչ լուծում կառաջարկի:
– Նրա որոշումը լինելու է քաղաքական, իսկ քաղաքական որոշումն արդեն Նիկոլ Փաշինյանը տվել է ընտրության լույս հաջորդ օրը, որպեսզի ապահովի որակյալ մեծամասնություն, այնինչ ճիշտ ու պետականամետ ուժը կուզեր, որ ընդդիմությունը շատ ձայներ ունենա, որ արտաքին հարաբերություններում կարողանա մանևրել՝ այս կամ այն իրավիճակում: Եթե «Բարգավաճ Հայաստանը» հայտնվի խորհրդարանում, ապա ճիշտ կլինի մանդատները վերցնել, բայց եթե ԲՀԿ-ի ձայները չվերադարձնեն, ապա ընդդիմությունը չպետք է մանդատները վերցնի ու գնա խորհրդարան:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















