Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ էներգետիկ հրադադարի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Ուկրաինայում գիշերային հարվածների թիրախների ցանկը, որում ներառված էին նաև էլեկտրակայաններ։
Այս առնչությամբ լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք դա նշանակում է, որ Մոսկվան չի ընդունում ԱՄՆ-ի առաջարկած էներգետիկ հրադադարը։
«Ինչի՞ մասին է հայտարարվել։ Ո՞րն էր էներգետիկ հրադադարի շրջանակը, և ի՞նչ է դա նշանակում։ Արդյո՞ք այն հստակեցված էր»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը։
Նա ընդգծել է, որ հրադադարի պայմանները հստակ սահմանված չեն, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Պեսկովը նաև հայտնել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով այս պահին համաձայնեցված միջազգային հանդիպումներ նախատեսված չեն։
Անդրադառնալով The Washington Post-ի տեղեկությանը, թե ԱՄՆ-ն և եվրոպական երկրները մշակում են հակամարտության կարգավորման չորս կետից բաղկացած նոր համատեղ ծրագիր, Պեսկովը նշել է, որ բանակցային գործընթացն ընթանում է առանձին ձևաչափով և կշարունակվի նույն կերպ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի շուրջ համաձայնության մասին՝ նշելով, որ այն անմիջապես ուժի մեջ է մտել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Մոսկվան մինչ այդ պաշտոնապես չէր մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։



















