Հայկական կողմը գրեթե ավարտել է Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը. Ռուբինյան. «Ազատություն»

Հայկական կողմը գրեթե ավարտել է Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը:

Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար  բացել ցամաքային սահմանը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի: Այժմ մենք գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը, որպեսզի հնարավոր լինի իրագործել այդ պայմանավորվածությունը: Հույս ունենք, որ թուրքական կողմը հավատարիմ կմնա մեր պայմանավորվածությանը, և մենք շատ շուտով կտեսնենք այդ առաջին պայմանավորվածության իրագործումը: Այն դեպքերում, երբ վստահության պակաս կա կողմերի միջև, շատ կարեւոր է, որ առաջին պայմանավորվածությունը իրագործվի: Եթե այն իրագործվի, ապա կավելանա վստահությունը, եթե չիրագործվի, այն քիչ վստահությունը կպակասի, ինչը լավ չէ»,- ասել է նա։ 

Վերջինս նշել է, որ կամրջի վերակառուցում չի եղել. «Հայկական կողմից անցած դեկտեմբերին միջգերատեսչական խումբ հանդիպեց սահմանին, եւ արդյունքում նմուշառում իրականացվեց, եւ պարզվեց, որ կամուրջը առնվազն հիմա վերակառուցման կարիք չունի: Այսինքն՝ խոսքը զուտ անցակետի վերակառուցման, վերազինման մասին է»:

Հարցին՝ արդյոք այդ գործընթացը երկկողմանի՞ է արվել, Ռուբինյանն ասել է. «Բնականաբար, մենք մեր կողմից ենք անում, իրենք իրենց կողմից պիտի անեն, եթե նման բաների կարիք ունեն: Թուրք գործընկերները վստահեցնում են, որ իրենց մոտ պատրաստ կլինի, տեսնենք»: