«Ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը և մեր լավագույն որակները ծառայեցնենք ի փառս միասնական Հայաստանի Հանրապետության»․ ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ․

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ։

1991 թվականի այս օրը տեղի ունեցած անկախության հանրաքվեն դե յուրե բովանդակություն հաղորդեց այն բնական տարածքին, որտեղ ապրում և կենսագործում էինք մենք՝ հայերս, ու այն անվանում հայրենիք: Սեպտեմբերի 21-ից հետո մենք ոչ միայն հայ ենք, իսկ այս տարածքը՝ հայրենիք, այլև ՀՀ քաղաքացի ենք, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում:

Մեզ պատմական հնարավորություն է ընձեռված լինել մեկը շուրջ երկու հարյուր ժողովուրդներից, ովքեր հնարավորություն ունեն ապրել և արարել իրենց անկախ պետության մեջ։ Ըստ այդմ, պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքիշխանության անշրջելիությունը, ամեն օր պիտի վերանվաճենք անկախ Հայաստան ունենալու իրավունքը և մեր լավագույն որակները ծառայեցնենք ի փառս միասնական Հայաստանի Հանրապետության։