«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը
– Պարո՛ն Մինասյան, ԱՄՆ նախագահն արտասանեց «ցեղասպանություն» բառը, սա ի՞նչ կարող է փոխել մեզ համար։
– Նախ՝ շատ կարևոր է, որ ԱՄՆ նախագահը ճանաչում է ցեղասպանությունը, քանի որ իբր գլխավոր ուժ աշխարհում, շատ կարևոր է, որ այդ ուժը ճանաչի պատմությունը և իրականությունը։
Հետո՝ մեզ համար դա կարևոր է ոչ որովհետև Ամերիկան է, այլ որովհետև Հայաստանին դա պետք է տա ինքնիշխանություն՝ իբրև սուբյեկտ և պետք է օգնի խաղաղության հարցում։
Ցեղասպանությունը հայկական և թուրքական հարցը չէ, ցեղասպանությունը պատկանում է ամբողջ մարդկությանը։ Հետևաբար, այդ հարցը չի կարելի փոքրացնել ու ասել՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին է։
Կարևոր է, որ ոչ միայն ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը և առանձին այլ երկրներ, այլև կարևոր է, որ ամբողջ միջազգային համայնքն անդրադառնա և ճանաչի որևէ ցեղասպանություն՝ լինի հայկական, հրեական թե այլ, որպեսզի այդ պատասխանատվությունն ընկնի ոչ միայն կոնկրետ պետությունների վրա, այլ ամբողջ միջազգային համայնքի վրա, այսինքն՝ բոլոր ժողովուրդների վրա։
Եվ սա է, որին հայ ժողովուրդը, Հայաստանի իշխանությունները, սփյուռքի կազմակերպությունները պետք է անդրադառնան, որ իրենց մոտեցումը սխալ է։ Մոտեցում ասելով՝ նկատի ունեմ, որ սփյուռքի մեջ համայնքի ու գաղութային մոտեցումը սխալ է, և Հայաստանի մեջ այդ հայ-թուրքական մոտեցումը սխալ է։
Ցեղասպանությունը պատկանում է համայն մարդկությանը, քանի որ մեկ իշխանություն որոշել է մի ժողովրդի իր պետության մեջ ջարդել, ոչնչացնել։ Դա նշանակում է, որ ամբողջ միջազգային համայնքը պետք է պատասխանատվություն վերցնի։ Սա է այսօրվա մարտահրավերը։
– Ինչո՞ւ հենց այս փուլում հավանական դարձավ, որ ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
– Տարբեր պատճառներով։ Առաջին հերթին՝ ԱՄՆ Կոնգրեսը և Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ ճանաչեցին Ցեղասպանությունը։ Ուրեմն, այդ աշխատանքը պետք է ավարտին հասցներ ամերիկյան իշխանությունը։ Եվ Բայդենը, իմանալով հայկական հարցը, վաղուց ուզում էր վերջացնել։
Երկրորդ՝ ամերիկյան հասարակության մեջ Հայոց ցեղասպանությունը ճանաչված էր։ Եվ մանավանդ ամերիկյան ձախակողմյան հոսանքների մեջ ուղղակի դա դարձավ որպես գլխավոր պահանջատիրություն։ Եվ Բայդենը, մտիկ անելով իր ձախակողմյան հոսանքներին, վերցրեց այդ պահանջատիրությունը և օրակարգ մտցրեց։
Երրորդ պատճառն այն է, որ կամաց-կամաց ամերիկացիներն անդրադարձան այն հարցին, որ ավելի բարոյական պետք է լինեն իրենց դիվանագիտության մեջ։ Եվ այլևս ոչ միայն Հայոց ցեղասպանությունն է ճանաչվում, այլ ամերիկացիները շեշտը դնում են մարդկային իրավունքների և բարոյական դիվանագիտություն ունենալու հարցի վրա։
Չորրորդ պատճառը հետևյալն է՝ Թուրքիան՝ իբրև ՆԱՏՕ-ի անդամ, այնքան էլ վստահելի չէ։ Եվ ԱՄՆ-ն ուզում է ապտակ տալ Թուրքիային՝ առանց ասելու, որ դու՝ իբր դաշնակից, խելոք դաշնակից չես, անվստահելի դաշնակից ես, և այլևս բավ է։ Եվ իմանալով, որ Թուրքիան ու Ռուսաստանը միասին աշխատեցին, որպեսզի Արևմուտքի ներկայությունը թուլանա ամբողջ աշխարհում՝ Միջին Արևելքում, Կովկասում և այլն, Բայդենն իբրև պատասխան ճանաչում է ցեղասպանությունը։
Նա փորձում է ցույց տալ, որ նրանք, ովքեր ԱՄՆ-ում ասում էին՝ ժամանակը չէ ճանաչելու ցեղասպանությունը, որովհետև Թուրքիան մեր դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ է, այդ փաստարկը թուլանում է։
Թուրքիան իր քաղաքականությունն այսօր վարում է՝ կարծես թե չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, որովհետև այն, ինչ Թուրքիան անում է Սիրիայում, Լիբիայում, Արցախում, դրանով վտանգի տակ է դնում ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետություններին։
Եվ դա անընդունելի է ԱՄՆ-ի համար, որովհետև Թուրքիան մտիկ չի անում Ռուսաստանի հետ զենքի հարցում համագործակցության մասին ամերիկյան հայտարարություններին։ ԱՄՆ-ն չի ուզում, որ ռուսական զենքերը վաճառվեն Թուրքիային, և գիտենալով, որ այլ ճար չունեն, սա պատժի ձև է Թուրքիայի նկատմամբ՝ ճանաչել ցեղասպանությունը։
– Ֆրանսիայում այս զարգացումների համատեքստում հայերի ու թուրքերի միջև հարաբերությունների լարում նկատվո՞ւմ է։
– Այս պահին ըստ երևույթին բախումներ, նման վտանգներ չկան։ Թուրքիան ուզում է ավելի խելոք լինել, և թուրքերը փոխեցին Ֆրանսիայում իրենց դեսպանին, որ ավելի «խելոք» ասենք նախորդի համեմատ։
Վստահաբար, Թուրքիան ուզում է հանգստացնել իր համայնքին, բայց դա չի նշանակում, թե այլևս վտանգ չկա։ Պետք է ավելի զգույշ լինել, պետք է որ սփյուռքն ավելի լավ կազմակերպվի, պետք է որ Հայաստանն ավելի լավ կազմակերպվի, որպեսզի նման երևույթները բացառվեն։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am