ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քիչ առաջ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ունեցած իր ելույթում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածը ճանաչել է որպես Հայոց ցեղասպանություն: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տունը:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին խոստանում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո 1915 թվականի ապրիլի 24-ից մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան ոչնչացման արշավով: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկրնկնվեն: Եվ մենք հիշում ենք, որ պետք է զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության դեմ ՝ իր բոլոր ձևերով:

Փրկվածներից շատերը ստիպված էին նոր տներ ու նոր կյանք փնտրել ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում։ Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որով իրենց նախնիներից շատերին բերեցին մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այս ցավը:

Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքը ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները կանխելու մեր ընդհանուր վճռականությունը` աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք փնտրենք ապաքինում և հաշտեցում աշխարհի բոլոր մարդկանց համար:

Ամերիկացի ժողովուրդը պատվում է 106 տարի առաջ սկսված ցեղասպանության զոհ դարձած բոլոր հայերին», -իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահը: