Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Յուքոմ» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում առկա համագործակցությունն ու ընդլայնման հնարավորությունները։

«Ողջունելի է, որ Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ» ընկերության միջև համագործակցության արդյունքում ստացված առաջին նախագիծը հաջողությամբ ավարտվեց։ Դպրոցների վերազինումը նոր տեխնոլոգիաներով և համացանցի հասանելիությունը ժամանակի պահանջն է։ Համոզված եմ, որ փոխգործակցությունը կունենա շարունակական բնույթ»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման քաղաքականությունը` քաղաքապետն առանձացրել է վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում` մասնավորապես այգիներում և պուրակներում, անվճար ինտերնետի ապահովման ծրագրի ընդլայնումը։

«2013 թվականի ծրագրերում մենք նախատեսում ենք նոր այգիների հիմնել ու, նաև բնակիչների առաջարկություններից և ցանկություններից ելնելով, WiFi համակարգերի միջոցով ապահովել դրանք ինտերնետ ծածկույթով»,- հատկանշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ քաղաքապետարանի աջակցությամբ ընկերությունն ակնկալում է նոր համատեղ ծրագրերի իրականացում։

«Մենք պատրաստ ենք մայրաքաղաքում կատարելու նոր ներդրումներ, որոնք կնպաստեն ինչպես մայրաքաղաքի զարգացմանը, այնպես էլ կծառայեն բնակչությանն կյանքն առավել հարմարավետ դարձնելուն»,- նշել է Հայկ Եսայանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն