Որևէ խաղաղապահ առաքելություն իրականացնող ընդհանրապես իրավունք չունի պատգամավորի կամ որևէ քաղաքացու մուտքն ու ելքը որոշել. Թագուհի Թովմասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը

– Տիկի՛ն Թովմասյան, երեկ ռուս խաղաղապահները Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել Արցախ։ Ձեզ հաջողվե՞լ է հստակ պատասխան ստանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այդ արգելքը։

– Ուզում եմ արձանագրել, որ երեկ տեղի ունեցածը մեծագույն խայտառակություն էր, ու այդ խայտառակության միակ պատասխանատուն, իմ դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն է ու իր թիմը, որոնք երեկ ամբողջ օրը խորհրդարանի ամբիոնը գրավել էին և բացառապես թիրախավորել էին ընդդիմադիր գործիչներին ու ընդդիմությանը, վիրավորանքներով ու տարբեր որակումներով գեներացնում էին ատելության մթնոլորտ ու ատելության խոսք հնչեցնում ընդդիմադիրների հասցեին, և այդ ատելությունը, քաղաքական ակցիան ունեցան իրենց վերջնարդյունքը, որն արձանագրվեց Արցախի սահմանին։ 

Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները, արտգործնախարարը փորձեն երեկ տեղի ունեցածը բարդել ռուս խաղաղապահների վրա, միևնույն է՝ չի կարող որևէ կերպ արդարացում համարվել, որովհետև երեկ խորհրդարանում տեղի ունեցածը ուղղակի քաղաքական հրահանգ էր՝ նման վերաբերմունք դրսևորելու ընդդիմության նկատմամբ։ Մեղքը ռուս խաղաղապահների վրա բարդել չի հաջողվելու։

– Իսկ հստակ պատճառաբանություն հաջողվե՞լ է ստանալ, կամ ովքե՞ր են պատգամավորների անունները փոխանցել խաղաղապահներին, ու այս կարգի այլ հարցերի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ ունե՞ք։

Շատ պարզ․ Հայաստանի սահմանապահները, որոնք իրականացնում են ծառայություն, ցուցակագրել են պատգամավորներին, և, ըստ էության, կամ հավանաբար ուղարկել են հաջորդ ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնք էլ արդեն արգելել են պատգամավորների մուտքն Արցախ։

– Տիկի՛ն Թովմասյան, եթե անգամ նման հրահանգ է եղել Հայաստանի իշխանության կողմից, ռուս խաղաղապահները նման բան անելու իրավունք ունեի՞ն, դա չի՞ հակասում նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությանը։

– Միանշանակ հակասում է, և դրա համար էլ ասում եմ, որ դա մեծագույն խայտառակություն է՝ անկախ պատճառներից, բայց մենք պետք է իրավիճակին սթափ ու բազմակողմանի նայենք ու հասկանանք պատճառները, որոնց մասով իմ տեսակետն արդեն ասացի։ 

Բնականաբար, որևէ խաղաղապահ առաքելություն իրականացնող ընդհանրապես իրավունք չունի պատգամավորի կամ որևէ քաղաքացու մուտքն ու ելքը որոշել, սակարկության առարկա դարձնել, որովհետև նրանք այնտեղ խաղաղապահ առաքելություն են իրականացնում, այլ ոչ թե որոշում են, թե ով մտնի Արցախ, ով՝ ոչ։

– Իսկ այդ մասով ընդդիմությունը պատրաստվո՞ւմ է պարզաբանում պահանջել ռուս խաղաղապահներից կամ, ասենք՝ Ռուսաստանից։

– Ես չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի, որովհետև դա երկու ընդդիմադիր խմբակցությունների որոշումը պետք է լինի, չեմ ուզում դրա մասով առանձին տեսակետ հայտնել։

– Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում ներկայացնում էր 2021 թվականի Կառավարության կատարողականը, ելույթներին հետևե՞լ եք, ինչպե՞ս կգնահատեք դրանք։

– Չեմ հետևել, մի քանի հատվածներ եմ նայել Փաշինյանի ելույթից ու շատ կարճ կլինեմ․ արձանագրում եմ, որ մարդը, որը երկու տարի առաջ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, այսօր ԱԺ ամբիոնից փորձում էր հայտարարել, որ Արցախը դիտարկելու է Ադրբեջանի կազմում։ 

Քննարկումը բացառապես այս ուղղությամբ էր գնում, և առնվազն տարակուսելի է, թե ինչպես կարող է Հայաստանի որևէ իշխանություն Արցախը դիտարկել Ադրբեջանի կազմում, և, վստահ եմ, որ որևէ արցախցի որևէ ներողություն չի ընդունելու, որովհետև Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում՝ նշանակում է հարյուրհազարավոր մարդկանց թողնել բախտի քմահաճույքին, և ցեղասպանության ամենօրյա վտանգը կախված կլինի յուրաքանչյուր արցախցու գլխին։

– Տիկի՛ն Թովմասյան, այդ պարագայում ընդդիմությունն ի՞նչ քայլեր է անելու, որ նման սցենարը իրականություն չդառնա։

– Սա ևս այն հարցն է, որին ես չեմ կարող միայնակ պատասխանել, դա պետք է լինի կոլեգիալ որոշում՝ երկու խմբակցությունների քննարկումների արդյունքում։

– Իսկ կա՞ն այդ քննարկումները։

– Բնականաբար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am