ՌԴ-ն հավաստիացրել է, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվել սադրանքներից զերծ պահելու համար․ Միրզոյան

Ազգային ժողովի պատգամավորների մուտքն Արցախ արգելելու դեպքից անմիջապես հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել հետագայում Ազգային ժողովի պատգամավորների մուտքն Արցախ արգելելու դեպքերից խուսափելու համար։

«Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք, բնականաբար, գործողություններ։ Կապի մեջ ենք եղել և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ բարձր մակարդակով։ Մեզ հավաստիացրել են, որ Ազգային ժողովի պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ պահելու համար։

Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակորեն արտացոլված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, այն է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այդ թվում (կամ եթե կուզեք՝ առավել ևս) Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ»,- ընդգծեց Միրզոյանը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ: