«Թալին» ԲԿ-ում ծննդկան է մահացել․ «Ոչ մի խնդիր չի ունեցել, ու հանկարծ լսում ենք՝ մահվան դուռն ա հասել երեխեն»․ Factor.am

Օգոստոսի 20-ին «Թալին» բժշկական կենտրոնում 31-ամյա ծննդկան է մահացել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց ԲԿ տնօրեն՝ Սարգիս Ավագյանը, կինը ծննդաբերել է օգոստոսի 19-ին, սակայն հաջորդ օրը՝ առողջական վիճակը կտրուկ վատացել է։

«Ծննդկանը հաշվառված է եղել մեզ մոտ, իմ իմանալով՝ հղիության ընթացքում բարդություններ չեն եղել, նաև նորմալ ծննդաբերել է։ Թե ինչու է հաջորդ օրը վատացել, դատաբժշկական փորձաքննությունը կպարզի»,- նշեց Սարգիս Ավագյանը։

Ծննդկանի հարազատներին, սակայն, վրդովեցնում է բժշկական կենտրոնի ներկայացուցիչների՝ իրենց ձևակերպմամբ՝ «անորոշ պարզաբանումները»։ Նրանք իրենց հետագա գործողությունները մտադիր են հստակեցնել փորձաքննությունների պատասխանները ստանալուց հետո։

«Բժշկական կենտրոնը գլուխը պատին ա տվել, որ ասում ա՝ նորմալ ա եղել, ինչ եղել ա, իրենց մոտ ա եղել։ 30 տարեկան աղջիկ ա մահացել, ոչ մի խնդիր չի ունեցել, ու հանկարծ լսում ենք՝ վատացել ա, մահվան դուռն ա հասել երեխեն։ Էս հարցն էսպես չի մնալու, անալիզների պատասխանից հետո կհասկանանք՝ ում մեղավորությունն ինչքան ա»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ծննդկանի հարազատներից մեկը։

Նշենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում):