«Ցավը երկու տարի է՝ սրտումս է, դատարկությունը չի լցվում». մայրը պատմում է՝ Արսենը զոհել է կյանքը՝ ընկերներին փրկելու համար

Ցավն ու հպարտությունը խառնվել են 44-ամյա Զոյա Խաչատրյանի հոգում. որդին՝ 18-ամյա Արսենը, կարող էր փրկվել պատերազմի ժամանակ, սակայն որոշել է նահանջի հրամանին չենթարկվել, դիրքը պահել, որ ընկերները կարողանան փրկվել։ Մայրն ասում է՝ մի կողմից հպարտ է, որ նման որդի է դաստիարակել, մյուս կողմից էլ՝ կցանկանար, որ որդին էլ փախչեր, այսօր էլ իր կողքին կլիներ։

«Մայրերն էս առումով էգոիստ են, թող մյուսների պես փախներ, իմ կողքին լիներ: Ինձ հերոս պետք չէր»,- հուզված է Զոյան: Նա հպարտությամբ է հիշում որդու հերոսության մասին զինակից ընկերների պատմածը. «Արսենս ասել ա՝ ես դիրքը պահեմ, դուք նահանջեք, որ հասցնենք: Ինքը ահագին ընկերների կյանք ա փրկել։ Էդտեղ ինքն են եղել ու գեներալը, երբ գեներալին խփել են, ընկերները 50 մետրից տեսել են, որ Արսենը գնացել ա իրա կողմ, ու իրան էլ են խփել։ Էդ ամբողջ տարածքում իր ու գեներալի մարմինն են գտել »: 

Զոյան որդու հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Երևանում ծնված, մեծացած Արսեն Խեչոյանը սպորտի սիրահար էր, զբաղվել է մարմնամարզությամբ, այնուհետև՝ ըմբշամարտով։ 2019-ին բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել է ֆիզկուլտ ինստիտուտ: Որոշել  էր մարզիչ դառնալ։ «Շատ էր սիրում սպորտը, իրեն տեսնում էր այդ բնագավառում, ասում էր՝ ինչ լավ ա, որ ինձ փոքրուց տարել եք սպորտի։ Մեդալներ ու պարգևներ ուներ մրցումներից։ Իրա պլաններն ու նպատակները սպորտի հետ էին կապված, բայց ամեն ինչ կիսատ մնաց․․․»,- հիշում է մայրը։ 

Անավարտ է մնացել նաև Արսենի սիրո պատմությունը: Աղջիկը, որին սիրել է Արսենը, նույն մարզադպրոցից էր: Տղան խոստացել էր ծառայությունն ավարտելուց հետո ծանոթացնել մոր հետ, սակայն այդ ծանոթությունը կայացել է առանց Արսենի:

Զինված ուժերում արդեն ծառայության ընթացքում դիրքի ավագ էր, ջոկի համանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ։ 44-օրյա պատերազմում Արսենը թշնամուն դիմավորել է Մատաղիսում, որտեղ ծառայում էր: Վեց օր թշնամու դեմ կռվելուց հետո՝ հոկտեմբերի 2-ին, զոհվել է։

Ընտանիքը զավակի մահվան մասին լուրն ուշ է իմացել՝ տևական ժամանակ բոլոր հնարավոր վայրերում փնտրելուց հետո: Եվ միայն դեկտեմբերի 7-ին են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Մատաղիսի տարածքում գտել նրա մարմինը: Մայրը շնորհակալ է Աստծուն, որ որդու մարմինն ամբողջական է եղել. «Գլխին է եղել հարվածը, հողը լցվել է վրան, տենց մնացել է։ Իր մոտ ամեն ինչ պահպանված է եղել։ Փաստաթղթերն էլ, ամեն ինչ, շնորհակալ եմ Աստծուն, որ գոնե դրանք ձեռ չեն տվել»։

2021 թ. փետրվարի 15-ին՝ ԴՆԹ փորձաքննության հաստատումից հետո, Արսեն Խեչոյանին հուղարկավորել են Եռաբլուրում։

Արսեն Խեչոյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով։

Արդեն երկու տարի է՝ Զոյան լուռ տանում է ծանր վիշտը: Ասում է՝ կյանքն ամբողջությամբ կիսվել է իր համար՝ պատերազմից առաջ և հետո։ «Բառերով նկարագրելու չի ցավը, որն արդեն երկու տարի է՝ կրում եմ սրտումս, դատարկությունը ոչ մի բանով չի փոխարինվում, չի լցվում, ոնց որ սրտիդ կեսը չլինի։ Ես առաջ մտածում էի՝ էլի պատերազմներ են եղել, մայրերը ո՞նց են ապրում, ես չէի դիմանա: Բայց ես հիմա ապրում եմ։ Մայրերն անասելի ուժեղ են, որ դիմանում են էս ցավին, էդ ցավը գալիս-կպնում ա քեզ, նոր ես խորությամբ հասկանում մարդու վիշտը»,- ասում է Զոյան։

Մայրը որդուն հիշում է արցունքն աչքերին՝ ընկերասեր էր, կարեկցող, օգնող, այդպես էլ վարվեց մարտի դաշտում՝ զոհեց իր կյանքը զինակից ընկերներին փրկելու համար: Շարունակում է՝ Արսենը շատ համեստ էր, չէր սիրում խոսել իր հաջողությունների մասին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am