«Ուզում եք այս դատական համակարգով մարդուն դատի տալ, որ ինչ-որ մեկին հայհոյե՞լ է․ աբսուրդ է»․ Սերգեյ Դանիելյան (Յոժ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, յոթերորդ գումարման խորհրդարանն ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին օրինագիծ։ Ձեր գնահատականն եմ խնդրում այս հարցի վերաբերյալ։

– Անիմաստ օրենք է, որովհետև պետք է նախ հասկանալ՝ հայհոյանքը ո՛րն է, վիրավորանքը՝ ո՛րը։ Դա անշոշափելի բան է, չգիտեմ՝ դա ոնց կաշխատի։ Ես կարող եմ հիմա մի բան ասել, որ դուք շատ վիրավորվեք, բայց դա հայհոյանք չլինի, եթե այդ ամենն ասեմ բժշկական տերմիններով՝ դա հայհոյա՞նք է, թե՞ չէ։

– Դե, օրենքում ասվում է «անձին ծանր վիրավորանք հասցնելու՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը», հստակ չե՞ն ձևակերպումները։

– Այսինքն՝ «ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը» ո՞րն է, չգիտեմ, կաշխատի՝ կտեսնենք։ Ես իհարկե դեմ եմ, որ մարդը ափռ-ցփռ հայհոյանքներ տա և այլն, բայց նախ՝ համացանցում հայհոյողների 90 %-ը Հայաստանում չի ապրում, ՀՀ քաղաքացի չէ։ Երկրորդը՝ պետք է հասկանալ՝ որն է հայհոյանք, որը՝ ոչ։

– Պարո՛ն Դանիելյան, իսկ նման բովանդակությամբ օրենքի անհրաժեշտություն կա՞ր։

– Այո՛, անհրաժեշտություն կա մարդկանց մի քիչ հավաքելու, բայց թե ինչպե՛ս են ձևակերպել՝ իրավաբանները պետք է ասեն, ես չգիտեմ։

– Ասում են, որ վերջին շրջանում հատկապես հայհոյանքը, միմյանց վիրավորելը ավելի պարբերական են դարձել։ Պատճառը ո՞րն է։

– Հասարակությունը լարված է, հայհոյում է, ոչ մի արտառոց բան չկա դրա մեջ։ Էս ամեն ինչից զատ, եթե դու չունես դատական համակարգ, ամեն ինչը, օրենքները սուտ են։

Այսօր հայտ եմ ստացել, որից պարզ է դառնում, որ ինձ 2008 թվականին դատի է տվել ինչ-որ կազմակերպություն, որը հիմա չկա (3700 դրամ պետք է վճարեմ)։ 13 տարի անցել է, նոր ծանուցում են ուղարկել, 13 տարում կարող է ես վաղուց մեռած լինեի, երկրորդը՝ ինձ դատի տված կազմակերպությունն արդեն չկա, իսկ այդ դատավորը, որն ինձ է ուղարկել այդ հայտը, ուղղակի տհաս է, որովհետև կա գործի վաղեմության ժամկետ։ Հիմա, եթե դատավորին ասեմ, որ տհաս է, դա հայհոյա՞նք է։

Բացի դա, այդ դատավորը պետական բյուջեից մսխել է առնվազն 60000 դրամ գումար, որպեսզի բյուջեն լցնի 3700 դրամով։ Դա նորմա՞լ է, և դուք ուզում եք այդ դատական համակարգով մարդուն դատի տալ, որ ինքն ինչ-որ մեկին հայհոյե՞լ է։ Աբսուրդ է, ավելի լավ է սահմաններով զբաղվեք։ Պարզ է, որ չեմ ուզում մարդիկ հայհոյեն, բայց այս համակարգը չի կարողանա այսպիսի բաներով զբաղվել, էլեմենտար բաներ չի կարողանում անել։

– Եթե դատական համակարգն ի վիճակի լիներ, իսկ օրենքն էլ՝ ավելի հստակ ու կոնկրետ, հայհոյողների, վիրավորողների համար այն խոչընդոտող հանգամանք կլինե՞ր։

– Այո՛, իհարկե կվախենային։ Մի երկու անգամ որ 500 հազար դրամ տուգանեին, կվախենային, բայց, էլի եմ շեշտում, որ կարևորն անկարևորից պետք է զատել, քայլերը պետք է հերթականությամբ լինեն, ոչ թե հակառակը։ Դատական համակարգ չունես, ո՞վ է դա անելու։

Ուզում եք էդ դատական համակարգը, որ վաղը-մյուս օրը ինչ-որ մեկին ասեմ ապուշ կամ հայհոյեմ, ինձ դատի՞, ու քանի՞ տարի է ձգվելու այդ դատը։ Եթե ինձ հիմա մեր քրֆեն, գնամ դատի տամ, 15 տարի հետո էդ մարդուն դատեն, ես արդեն 57 տարեկան եմ, ուրեմն էդ մոր քֆուրը վրես ես պիտի ապրեմ ևս 15 տարի՞։ Դա ծիծաղելի է, ուղղակի ծիծաղելի։ Շատ շնորհակալ եմ Ազգային ժողովին՝ և՛ նախկին, և՛ ներկա, որ չեն թողնում սովից մեռնեմ, որովհետև ինչքան անասունություն անեն, այդքան ինձ ծիծաղելի կլինի ու լավ։

– Պարո՛ն Դանիելյան, հանրությունը ձեզ ընկալում է` եթե չասեմ հայհոյախոս, համենայնդեպս, ոչ ստանդարտ բառապաշար կիրառող անձի։ Այս օրենքը ձեզ կկաշկանդի՞, ձեր բառամթերքում փոփոխություն կլինի՞։

– Իհարկե ո՛չ։ Իրենք ընդամենը սատանի մայլում քյանդրբազություն պետք է խաղան ու ավելի շատ կխայտառակվեն։ Ես հո չեմ կանգնի այդ ձևով հայհոյեմ, նույն հայհոյանքը բժշկական տերմիններով այնպես կասեմ, որ ավելի զզվելի կհնչի, քան փողոցայինը։ Իսկ բժշկական տերմինը հայհոյանք չի համարվում։

– Իսկ ինչո՞ւ հենց այս ընթացքում, երբ արդեն կա նոր ձևավորված խորհրդարան, իշխանական խմբակցությունը շատ հրատապ արտահերթ նիստ նախաձեռնեց ու միայնակ ընդունեց այս օրենքը։

– Որովհետև շատ հայհոյեցին, ատելության մթնոլորտ կար, մարդիկ ափռ-ցփռ հայհոյում են իրար, սանձարձակ ու անդաստիարակ են, և այսպիսի օրենքներով ուզում են ինչ-որ կերպ ազդել։

Բայց եթե խորհրդակցեին նորմալ իրավաբանների, հոգեբանների, այլ մասնագետների հետ, ավելի ճիշտ ու արդյունավետ խորհուրդներ կլսեին, իսկ քանի որ իրենք՝ ռուսերեն ասում են самодур՝ այդպիսի մարդիկ են, միշտ ապուշ բաներ են անում։ Այդ ո՞ր օրենքն է արդյունավետ եղել, որ սա պիտի լինի։

Քրիստինե Աղաբեկյան

 MediaLab.am