Հայաստանում անվճար հիվանդանոցային բուժում կստանան բոլոր անչափահասները

Հայաստանում անվճար հիվանդանոցային բուժում կստանան բոլոր անչափահասները
Հայաստանում անվճար հիվանդանոցային բուժում կստանան բոլոր անչափահասները

Նախկինում դա վերաբերում էր մինչև յոթ տարեկան երեխաներին։ Այժմ ծրագրում ներառվելու է լրացուցիչ մոտ 200 հազար երեխա

Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաներն ու դեռահասներն անվճար բուժօգնություն կստանան հիվանդանոցներում։ Դրա համար պետբյուջեից լրացուցիչ 12 մլրդ դրամ կտրամադրվի։

Ինչպես էր նախկինում և ինչպես է լինելու այսուհետ

Մինչ այս անվճար բուժում էին ստանում միայն

• մինչև յոթ տարեկան երեխաները;

• հաշմանդամություն ունեցող երեխաները;

• առանց ծնողների խնամքի մնացած երեխաները;

• հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների երեխաները;

• մինչև 18 տարեկանները, որոնք դիսպանսերային հսկողության տակ են;

• մինչև 14-15 տարեկան տղաները (մինչև զորակոչային տարիքի)։

Առողջապահության նախարարության գնահատականով՝ այժմ ծրագրում ներառվելու է լրացուցիչ մոտ 200 հազար երեխա։

Ինչո՞ւ են այս քայլին դիմել

Այս հարցին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.

«Ըստ էության, ոչ մի տրամաբանություն չկա, թե ինչու պետք է 6 տարեկանը լիներ անվճար, իսկ 7 տարեկանը՝ ոչ անվճար։ Դրա համար որոշում կայացվեց ընդլայնել այդ ծառայությունը»։

Էլ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել

Եվս 1,2 մլրդ դրամ պետբյուջեից կտրամադրվի սրտի անոթների ստենտավորման վիրահատություններին, ինչպես նաև սրտի սուր և իշեմիկ կաթվածների բուժմանը։

Բացի այդ, 900 մլն դրամ  կտրամադրվի քաղցկեղով հիվանդների բուժմանը։

Դրական փոփոխությունները չեն շրջանցել նաև անհետաձգելի բուժօգնության ոլորտը։ Շտապօգնության բրիգադների քանակը կավելացվի, ընդ որում, ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև շրջաններում։ Դրա համար պետբյուջեից լրացուցիչ կտրամադրվի 500 մլն դրամ։

Էլ ի՞նչն են անվճար բուժում

Հայաստանում անվճար են դարձել նաև քաղցկեղի վիրահատությունները։ Մինչև վերջերս վիրահատական միջամտության անհրաժշտության դեպքում պետությունը քաղցկեղով հիվանդներին վճարում էր գումարի միայն մի մասը։

Բացի այդ, փետրվարի մեկից անվճար բուժօգնություն են ստանում գլխուղեղի կաթվածով բոլոր հիվանդներն՝ անկախ սոցիալական կարգավիճակից։ Նրանց բուժումն իրականացվում է երկու հիվանդանոցներում։

Այդ ծրագրի իրականացման համար տրամադրվել է մոտ 400 մլն դրամ։ Առողջապահության նախարարությունը նախագծի մեկնարկից առաջ հայտարարել էր, որ դա թույլ կտա զգալիորեն կրճատել մահացությունն ուղեղային կաթվածից և 39%-ով նվազեցնել հաշմանդամության ռիսկերը։

Թորոսյանը պոպուլյար նախարար է դարձել

Արսեն Թորոսյանն այն նախարարներից է, որոնք  կառավարության կազմում են հայտնվել 2018թ-ի հեղափոխությունից հետո։ Նրա հանդեպ վերաբերմունքը սկզբից շատ զգուշավոր էր։ Դա կապված էր այն բանի հետ, որ նա Հայաստանում ոչ պոպուլյար նախաձեռնություններով էր հանդես գալիս։ Մասնավորապես, նա կողմ էր պապիլոմավիրուսի դեմ պատվաստմանն այն դեպքում, երբ երկրում քննարկվում էին դրա վտանգները, ռիսկերն ու բացասական հետևանքները։

Այժմ նախարարը նախաձեռնություններով է հնադես գալիս, որոնք դրական արձագանք են առաջացնում, և նրա վարկանիշն աճում է։

2021թ-ին նա մտադիր է ներդնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ։ Նա հասել է դրան, որ երկրում սկսել է սանավիացիա գործել։ Անհրաժեշտության դեպքում ուղղաթիռով բժիշկները դժվարհասանելի բնակավայրերից հիվանդներին տեղափոխում են մայրաքաղաք բուժման կամ հենց իրենք են մեկնում օգնության։ Թորոսյանը կոշտ պայքար է սկսել է կոռուպցիայի  և բուժհաստատություններում «ատկատների» դեմ, ինչպես նաև բարձրացրել է բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերը։

Աղբյուրը՝  JAMNEWS