«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։  

Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 390 դիտորդներ։ Դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես նաև այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։ 

Ստորև ներկայացնում ենք 168 տեղամասերում հանձնաժողովների նիստի դիտարկման ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:   

Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 168 տեղամասային կենտրոններից 9-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 10-20 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ուշացման և դրա հետևանքով քվորում չլինելու պատճառով։  

Դիտարկված 168 տեղամասային կենտրոններից 4-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, իսկ 15-ի դեպքում՝ 2-րդ հարկում:   

24 տեղամասային կենտրոններ գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:  

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված որևէ հատուկ միջոց առկա չէ դիտարկված տեղամասերից 19-ում։ 10 քվեասենյակում լուսավորությունը գնահատվել է ոչ բավարար։    

Դիտարկված տեղամասերից 8-ում հանձնաժողովի գործառույթները վիճակահանությամբ չեն բաշխվել, մեկ դեպքում վիճակահանությունն իրականացվել է միայն մեկ հերթափոխի համար, մեկ այլ դեպքում՝ վիճակահանությունն իրականացվել է նախորդ օրը: 

7 տեղամասերում քվեախցիկները տեղադրված են եղել պատից 1 մետրից պակաս հեռավորության վրա կամ քվեախցիկների հետևում եղել է բաց տարածք, որից հնարավոր է բացահայտել ընտրողի քվեարկությունը:   

4 տեղամասերում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ 5 տեղամասերում գրանցվել են միևնույն կուսակցության մեկից ավելի վստահված անձինք:   

Դիտարկված տեղամասերից միայն 15-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք: 

Ուշագրավ է, որ 4 ընտրատեղամասերում քվեաթերթիկների թիվը պակաս է եղել ընտրողների թվից: Քվեաթերթիկը քվեասենյակից դուրս բերելու դեպք արձանագրվել է 2 ընտրատեղամասերում: 

«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:

«Ընտրություններ բոլորի համար 2021 – տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:  

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ