«Խծաբերդից 62 գերեվարված է եղել, այս պահին չեն հայրենադարձվել 26-ը». Շիրակի մարզպետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը

 – Տիկի՛ն Բաղդասարյան, երեկ հայրենադարձված 5 ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են: Տեսակցե՞լ եք հայրենադարձված տղաներին, ի՞նչ կարող եք ասել նրանց վիճակի մասին:

– Բնականաբար տղաների հետ հանդիպել ենք, այնուհետև նրանց ուղեկցել են հոսպիտալ, որտեղ անցել են բժշկական ամբողջական զննություն: Դրանից հետո նախ զանգել ենք հարազատներին, այնուհետև կազմակերպել ծնողների հետ նրանց հանդիպումը: 

Չեմ կարող բժշկական կամ բժշկահոգեբանական որևէ գնահատական տալ՝ ինչպիսին էր տղաների վիճակը, որովհետև այդ պահին մենք կարևորում ենք նախևառաջ նրանց վերադարձը, մնացած ուսումնասիրությունների արդյունքները պատկան մարմինները կտան: Լիահույս ենք, որ այսօր արդեն տղաները կվերադառնան տուն՝ անհրաժեշտ գործընթացներն անցնելուց հետո:

– Ընտանիքի անդամներն ի՞նչ վիճակում էին: Հույս ունեցե՞լ են, որ տղաները կվերադառնան:

 – Անշուշտ, իհարկե: Ընտանիքի անդամների հետ գրեթե ամենօրյա կապ կա, որովհետև վերադարձածներից 4-ը, ինչպես գիտեք, Խծաբերդի խմբից էին, ու բոլորը՝ Շիրակի մարզից: 

Ընտանիքի անդամների հետ հանդիպումներ լինում են, եթե չասեմ՝ ամենօրյա ռեժիմով, ապա շաբաթը երկու-երեք անգամ, և, բնականաբար ոչ թե հույս կա, այլ վստահ են, որ կգան, պարզապես, ցավոք սրտի վերջին մի քանի ամիսների ընթացքում վերադարձողների ինտենսիվությունը նվազել էր, բայց ոչ մի վայրկյան ու ոչ մի րոպե և՛ մենք, և՛ ծնողները կասկած չունենք, որ մեր տղաները պարտադիր հայրենադարձվելու են:

– Տիկի՛ն Բաղդասարյան, թվային հստակ տվյալներ ունե՞ք, թե մարզից դեռ քանի հոգի են շարունակում մնալ ադրբեջանական գերության մեջ:

– Խծաբերդից 62 գերեվարված է եղել, այս պահին չեն հայրենադարձվել 26-ը: Խոսքն իհարկե վերաբերում է այն հաստատված գերիների մասին, որոնք միջազգայնորեն ֆիքսվել են:

– Ձեր մոտեցումն եմ խնդրում հետևյալ հարցի վերաբերյալ, քանի որ գերությունից վերադարձած տղաների անուններն են հրապարակվում, դուք անգամ հստակ բնակավայրն եք նշել ձեր գրառման մեջ: Արդյոք ճի՞շտ է հրապարակել այդ մարդկանց տվյալները, երբ գերությունից վերադարձածները և նրանց ընտանիքները, ըստ որոշ մասնագետների, կարող են խոցելի վիճակում հայտնվել: 

– Կատեգորիկ դեմ եմ, երբ հայրենադարձվածներից որևէ լուսանկար է հրապարակվում կամ անձնական տվյալ պարունակող այլ տեղեկություններ, բնակության վայրից զատ՝ հասցե ու այլ-այլ մանրամասներ, որովհետև դրանք անձնական տվյալներ են, և նշյալ խմբի անդամները խոցելի են: 

Բայց ինչ վերաբերում է անուն, ազգանուններին ու տեղային տվյալներին, եկեք հստակեցնենք. ամեն անգամ, երբ նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներով լուր է տարածվում, որ հնարավոր է մարդիկ հայրենադարձվեն, համընդհանուր՝ բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, թե իրենց հարազատները գերության մեջ են, իսկ դրանք տասնյակներ են, որոշակի հույսեր են փայփայում, ու այստեղ հանրային հաղորդակցությունը պետք է. անհրաժեշտ է նշել՝ ովքեր են ու որտեղից: 

Նախորդիվ մենք շատ ցավալի դեպք ունեցանք, որ, օրինակ՝ ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրաբար հրապարակել էին, որ կարող է վերադառնան այս-այս անձինք, սակայն վերադարձել էր մեկ այլ խումբ: 

Պատկերացնո՞ւմ եք այդ մարդկանց վիճակը, եթե Հայաստանի պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն չլինի: Ձեր ուշադրությունը հրավիրեմ մեկ փաստի վրա. նույն իմ հրապարակումը, որի մասին հիշատակեցիք, եղել է ԱԱԾ պաշտոնական հրապարակումից հետո, այսինքն՝ հիմք է ընդունվել պաշտոնական հաղորդագրությունը, այնուհետև ես որոշակի ճշգրտում եմ արել, որովհետև բոլորի բնակության վայրը նշված էր Գյումրի, այնինչ՝ տեղանուները տարբեր են, ցավոք սրտի, մենք Խծաբերդի խմբից անգամ մարդիկ ենք ունեցել՝ նույն անուն, ազգանունով: 

Այսինքն՝ կան նման նրբություններ, և պետք է հասկանալ, թե ովքեր են եկել, որպեսզի ծնողներին ուղեկցենք դիմավորելու, որովհետև նախկինում, դուք էլ ականատես եք եղած կլինեք, երբ գերեվարվածներին վերադարձնող օդանավ էր վայրէջք կատարում, հարյուրավոր մարդիկ կուտակվում էին, ու պատկերացնո՞ւմ եք յուրաքանչյուրի հոգեվիճակը՝ սպասել 2-3 ժամ, այնուհետև՝ հիասթափություն: 

Կարծում եմ, որ պետությունը որոշակի պատասխանատվություն ունի նաև իրազեկման մասով, ու տվյալներից առնվազն անուն-ազգանունն ու բնակության վայրը բավարար են, դրանից ավելի հրապարակում ես անտեղի եմ համարում ու երբևէ վերադարձածներից որևէ լուսանկար կամ այլ տվյալներ չեմ հրապարակել, այն դեպքում, երբ հայրենադարձվածներին բոլորին դիմավորել կամ ուղեկցել եմ հոսպիտալ: 

 – Մարզում գերիների ընտանիքներին կամ արդեն հայրենադարձվածներին աջակցություն տրամադրվո՞ւմ է, կմանրամասնե՞ք, տիկի՛ն Բաղդասարյան:

– Գերեվարվածների ընտանիքների ու արդեն հայրենադարձվածների հետ ինտենսիվորեն աշխատում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, և մենք առիթ ունեցել ենք երկու անգամ տիկին Գրիգորյանի հետ հանդիպել ծնողների հետ, բայց գիտեմ, որ կա մշտական կապ՝ հոգեբանական առումով օգնություն ցուցաբերել, նաև որոշակի առողջապահական խնդիրներ, որոնք առկա են, փորձում են համատեղ լուծել, ասեմ, որ այս առումով շահագրգիռ են բոլոր կողմերը:

Որոշակի արտոնություններ կան, որոնցից օգտվում են գերեվարվածների ընտանիքները: Բացի դրանից, սա փակ տեղեկություն չէ, Կառավարությունը համապատասխան որոշմամբ, անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներին ամսական որոշակի գումար է հատկացնում: Նաև տեղյակ եմ, որ շատ հաճախ միջազգային կառույցներ, անհատներ փորձում են օժանդակել, բայց ես իրավասու չեմ այս առումով տեղեկատվություն տալ:

Հայրենադարձվածները ինչ-որ խոչընդոտների հանդիպո՞ւմ են, նման ահազանգեր ստանո՞ւմ եք:

– Բնականաբար, բոլորը որոշակի հոգեբանական խնդիրներ ունեն, երբեմն նաև առողջական խնդիրներ են առաջ գալիս, մենք էլ փորձում ենք լուծում տալ այդ հարցին:

Հասարակության վերաբերմունքն ինչպիսի՞ն է հայրենադարձվածների նկատմամբ:

– Չեմ կարող ասել, բայց, կարծում եմ՝ հասարակությունը բավական հանդուրժող է, և այդ խնդիրը բոլորինն է, ու մենք լիահույս ենք, որ այն օր առաջ լուծում կստանա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am